Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու հյուսիսարևլյան կողմում է գտնվում կոթող–մահարձանը: Գլխավոր ճակատով, ինչպես ընդունված է քրիստոնեական գերեզմանական ճարտարապետության մեջ, ուղղված է դեպի արևմուտք: Արևմտյան ճակատում աստիճանաձև, բարձր պատվանդանի վրա բարձրացող քառակուսի կտրվածքով երեք մույթերի կամարակապ բացվածքներում տեղադրված են մեկական քառակող սյունանման օբելիսկներ՝ 4 մ բարձրությամբ, որոնք քանդակապատված են բոլոր կողմերից՝ ողջ բարձրությամբ: Նրանց անկյունային մասերը եզերված են իրարից տարբեր, ուշագրավ հորինվածք ունեցող երիզներով: Վերջիններիս միջև ընկած տարածությունները արևմտյան և արևելյան ճակատներում պատած են պատկերաքանդակներով՝ առնված հավասար չափերի ուղղանկյուն շրջանակների մեջ: Դրանք ավետարանական թեմաներով տեսարաններ են, Հայաստանում քրիստոնեության տարածման հետ կապված պատկերներ, զույգ–զույգ դիմահայաց ձևով կանգնած առաքյալներ և այլն: Ուշագրավ է հարավային օբելիսկի արևելյան երեսի աշտարակաձև կառույցի պատկերը, որն, ինչպես ենթադրվում է, վերարտադրում է Հռիփսիմե նահատակ կույսի դամբարանը: Կոթող–մահարձանը ավանդաբար վերագրվել է 914 թ–ին արաբների կողմից Դվինում սպանված Սմբատ Ա Բագրատունի թագավորին, ըստ որի այն պետք է կառուցված լինի 914թ–ից հետո: Հուշարձանն աչքի է ընկնում մոնումենտալ արտահայտիչ ձևերով, ներդաշնակ համաչափություններով: Ինչպես պատկերաքանդակները, այնպես էլ զարդաքանդակներն իրենց գեղարվեստական բարձր արժանիքներով, ինքնատիպ արվեստով կատարելության նմուշներ են, որով հուշարձանը դասվում է վաղմիջնադրայան քանդակագործական արվեստի գլուխգործոցների շարքը:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!