Օշական գյուղից հարավ, բավականաչափ լայն ձորի մեջ, Աշտարակի կամրջի կառուցումից մի քանի տասնամյակ հետո Քասախ գետի վրա կառուցվել է մի ուրիշ բազմաչք քարե կամուրջ: Նրա կառուցման (գուցե և հիմնական վերակառուցման) անհրաժեշտությունը թելադրվել է այն ճանապարհի կենսականությամբ, որը կապում էր Արարատյան դաշտավայրը Արագածոտնի նախալեռնային գյուղերի հետ, ինչպես և Էջմիածնի վանքի շահագրգռվածությամբ, որը Աշտարակի շրջանում ուներ կալվածքներ: Հենց վերջին հանգամանքով կարող է բացատրվել այն փաստը, որ կամրջի շինարարությունը իրականացված է վանքի կողմից: Այդ մասին է վկայում երրորդ հենարանից (հաշված աջ ափից) վերև, ճակատային պատի վրա փորագրած արձանագրությունը, որը համապատասխանում է 1706 թվին: Պահպանված մի այլ արձանագրությունից իմանում ենք, որ կամրջի նորոգումն էլ կատարված է Էջմիածնի վանքի կողմից: Օշականի կամուրջն այժմ միակն է Հայաստանի հնգաչք հին կամուրջներից: Նրա կամարային բացվածքները տարբեր են թե՝ չափերով (2,5 + 3,6 + 5,2 0 + 7,1 0 + 8,50) և թե՝ կորերի ձևով: Այս հանգամանքը թելադրվել է կամրջային կառուցվածքը տեղանքի պայմաններին հարմարացնելու ձգտումով: Դրանով պիտի բացատրվի, որ աջափնյա երկու կամարային բացվածքները (2,5 + 3,6 մ.) մի փոքր իջեցված կիսաշրջանաձև կոր են, այնինչ մնացած երրորդ, չորրորդ և հինգերորդ բացվածքները ներկայացնում են իրենց սլաքաձևության շնորհիվ բարձրացված կամարներ, որոնց հենամիջային տարածությունը դեպի ձախ ափը աստիճանաբար աճում է: Կամրջային անցման (որը 62,65 մ ընդհանուր երկարություն ունի) այդպիսի լուծման շնորհիվ երթևեկային մասը գետի աջ, ավելի ցածր ափից չափավոր թեքությամբ անցնում է դեպի ձախ ափը:  Օշականի կամրջի երթևեկային մասի լայնությունը կազմում է 5,2 մ, այն երկու կողմից սահմանափակված է 0,4 մ հաստություն ունեցող երկու հոծ եզրապատերի միջև: Միջին 3 հենարանները ստորին մասում ունեն գետի հոսանքի կողմն ուղղված սրածայր ելուստներ, որոնք, ինչպես և Աշտարակի կամուրջի նույնպիսի մասերը, կամուրջի մոտ ստեղծում էին ավելի նպաստավոր հիդրավլիկական ռեժիմ: Հետևի կողմից այդ նույն հենարանները ունեն կիսաշրջանաձև ելուստներ: Ձախ ափի մոտի երկու հենարաններից վեր, ճակատային պատի վրա, կան փոքրիկ պատուհաններ: Օշականի կամուրջը կառուցված է տեղական կարմիր, սրբատաշ տուֆով և կրաշաղախով:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *