Գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից ոչ հեռու:

Աշխարհի հնագույն մեգալիթյան կոթողային համալիրներից մեկը, որին մի շարք, այդ թվում՝ հնչունաբանական նմանությունների համար, անվանում են հայկական Սթոունհենջ: Հուշարձանը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1770 մ բարձրության սարահարթում և սփռված է մոտ 70 000 մ քառ. տարածության վրա: Հուշարձանը կազմված է որոշակի ձևով դասավորված 223 հիմնականում մեծ քարերից, որոնցից 64-ն ունեն տարբեր կողմեր նայող անցքեր` 4-5 սմ տրամագծով: Կառույցի կենտրոնն ակնհայտորեն ձվաձև դասավորված քարեր են: Կենտրոնից դեպի հյուսիս և հարավ ձգվում են տարբեր չափի և ձևի քարերի շարքեր: Քարերի վերգետնյա մասերն ունեն 0,5 – 3 մ բարձրություն: Քարերի վրա կան տարբեր տրամագծի շրջանագծեր` շարված գետնից մոտ կես մետր բարձրությամբ քարերով:  Կան ուղղանկյուն փոսեր` նման կենտրոնական դոլմենին, բայց առանց սալծածկի և ավելի փոքր չափերի են:

Հուշարձանի վերաբերյալ գոյություն ունի 2 հիմնական տեսակետ: Առաջին վարկածն այն է, որ կանգնեցված քարերը մենհիրներ են, կենտրոնական ձվաձև կառույցը` կրոմլեխ, իսկ քարերի վրա բացված անցքերն ունեն զուտ տեխնիկական նշանակություն: Երկրորդ տեսակետի համաձայն Քարահունջն իրենից ներկայացնում է հնագույն աստղադիտարան` նախատեսված երկնային լուսատուների շարժը դիտելու և ժամանակը չափելու համար, իսկ քարերի վրա բացված անցքերը նախատեսված են տարբեր բարձրություններից, որոշակի կետերից երկնային լուսատուների շարժմանը և դիրքին հետևելու համար:

Ակնհայտ է, որ Քարահունջը եղել է հեթանոսական տաճար, համալսարան և հզոր աստղադիտարան, որն ակտիվորեն գործել է ավելի քան 7500 տարի առաջ: Դրա օգտին է խոսում նաև այն գտածոները, որ հայտնաբերվել են այստեղ՝ տասնյակ աստղագիտական քարե գործիքներ, որոնց աշխատանքի ճշգրտությունը հասնում է 30 աղեղնային վայրկյանի (ժամանակի 2 վ):

Քարահունջի աստղադիտարանի աշխատակիցներին հայտնի է եղել Արեգակի, լուսնի, մոլորակների ու աստղերի շարժման օրենքները, պրեցեսիայի երևույթը, Երկրի գնդաձև լինելը, Հայոց և Սիրիուս (Սոտիս) աստղերի մոտ 1460 տարվա պարբերությունները, տիրապետել են երկրաչափությանը, եռանկյունաչափությանը, չափագիտությանը և այլն: Զարգացած են եղել նաև աստվածաբանությունը և տիեզերագիտությունը:

Քարահունջի աստղադիտարանին շատ նման` կանգնած և անցքեր ունեցող քարեր կան նաև Մասիսից դեպի արևմուտք գտնվող Կաղզվան գյուղի մոտ:

Նման հուշարձանաստղադիտարաններ են Անգլիայի Սթոունհենջը (4000 տարեկան), Իռլանդիայի Նյու Գրենջը (մոտ 4500 տարեկան), Շոտլանդիայի Քալենիշը (մոտ 4000), Ֆրանսիայի (4000) և Եգիպտոսի (4500) Քարնակները և այլն:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *