Գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի հարավ–արևելյան եզրին: Հիմնադրման թվականը հայտնի չէ: Գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է X դ. սկզբին, որպես Հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթի կուսակալների նստավայր: X-XI դդ. պատկանել է Բագրատունիների Կյուրիկյան ճյուղին, XII-XIII դդ.՝ Զաքարյաններին: XIV դ. վերջից անտերունչ մնացած Տավուշ բերդը աստիճանաբար ավերվել ու քայքայվել է: Բերդը բաղկացած էր միջնաբերդից և ստորին բերդից: Միջնաբերդը գրավում էր բարձրադիր, զառիթափ ժայռերով եզերված բլրի գագաթի նեղ, լեզվականման տարածքը: Կիսագլանաձև բուրգերով ամրացված պարսպի մնացորդները (մինչև 12 մ բարձրությամբ, կառուցված ոչ խոշոր գետաքարերով և ճեղքված անդեզիտի քարերով) պահպանվել են արևելյան և հյուսիսային մասերում: Մուտքը եղել է հարավային կողմից: Տարածքում շինությունների հետքեր չեն պահպանվել: Ստորին բերդը գտնվել է միջնաբերդի արևելյան ստորոտին, ուր պահպանվել են ճեղքված խոշոր քարերով կիկլոպյան շարվածքով պարսպի մնացորդներ, միանավ դահլիճ տիպի եկեղեցու պատեր, կացարանների և տնտեսական շինությունների հետքեր: Խմելու ջուրը մինչև ստորին բերդ բերվել է հարավային կողմի Գլգլան կոչվող աղբյուրներից՝ կավե փողրակներով (մնացորդները պահպանվել են):
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!