Վանեվան վանական համալիրը կառուցվել է Բագրատունյաց թագավորության օրոք Հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու և նրա քույրը՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի կողմից։ Բագրատունյաց թագավորության ժամանակ (9-11-րդ դդ.), երբ Գեղարքունիքը միացված է եղել Անիի թագավորությանը, Գեղարքունյաց իշխանական նստավայրն էր Կոթ գյուղաքաղաքը (այժմ` Ն. Գետաշեն): Պատմական այդ ժամանակաշրջանում արքայական օժանդակությամբ ճարտարապետական բազմաթիվ հուշարձաններ կառուցվեցին, որոնցից էր նաև Վանեվանը։ Այն գտնվում է ներկայիս Մարտունու տարածաշրջանի Արծվանիստ գյուղում։ Արծվանիստը հնում փոքր գյուղ է եղել և Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ կոչվել է Վանեվան, ապա Կթանոց, հետագայում` Ալուչալու, այժմ Արծվանիստ։ Նախկին անունները հիշատակվում են նաև հին արձանագրություններում։ Վանեվանքը կառուցված է գյուղի հարավ-արևելյան եզրին, լեռային գետակի աջ ափի հարթության վրա` եզերված բարձր ժայռերով։ Համալիրը բաղկացած է գլխավոր` գմբեթավոր եկեղեցուց, որը կոչվում է Ս. Գրիգոր, նրանից հարավ գտնվող թաղածածկ եկեղեցուց և այս երկուսի միջև տեղավորված գավթից: Գավիթի արևելյան կողմում կառուցված են մի քանի փոքր խցեր, որոնք գավիթի հետ կապվում են նրա արևելյան պատում բացվող դռան միջոցով: Գլխավոր եկեղեցին ըստ հատակագծային հորինվածքի` քառաբսիդ կառուցվածք է, արևելյան խաչաթևին կից երկու ոչ մեծ ավանդատներով: Շինված է կոփածո և սրբատաշ քարերով։ Ներքուստ խաչաձև է, ունի ութկողմանի գմբեթ։ Եկեղեցու միակ մուտքը հարավային կողմից է, որի լայնությունն ընդամենը մեկ մետր է։ Կոնստրուկտիվ տեսակետից առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում եկեղեցու գմբեթակիր կամարները: Առավել ուշագրավը կամարի առաջին և երկրորդ շերտերի միջև տեղավորված սեպաձև շարքի գոյությունն է, որի բարձրությունը աստիճանաբար աճում է և կամարի գագաթի մոտ հասնում մոտ 50 սմ հաստության: Սեպաձև այս շարքը, ավելացնելով կամարի վերին շերտի սլաքը, էլ ավելի է բարձրացնում գմբեթակիր կամարը և ավելացնում նրա կայունությունը: Այս լուծումը պատկանում է այդ տիպի կոնստրուկցիաների հնագույն օրինակների թվին: Գլխավոր եկեղեցու վրա պահպանվել է Հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու շինարարական արձանագրությունը` փորագրված եկեղեցու թմբուկի հարավ-արևմտյան նիստին: Ըստ այդ արձանագրության` եկեղեցին կառուցվել է` 903 թվական: Մյուս կառույցների վրա արձանագրություններ չկան, և անհայտ է դրանց կառուցման ժամանակները։ Վանքն ունեցել է իր գերեզմանատունը, որը գտնվում է արևելյան կողմում բարձրացող ժայռի գլխին: Այնտեղ այժմ մնացել է մի քանի հին խաչքարեր և գերեզմանա-քարեր: Վանական համալիրը ժամանակին վերանորոգել և բակը պարսպատել է «շահնշահ Աշոտի որդի Գագիկը»: 1983-88 թվականներին Վանեվանքն ամբողջությամբ վերականգնվել է և ներկայումս գործող եկեղեցի է:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!