Հայաստանի բոլոր քարավանատներից առավել հանրահայտը Սելիմի քարավանատունն է: Այն համեմատաբար լավ է պահպանվել: Այս քարավանատունը գտնվում է Գեղարքունիկի և Վայոց ձորի մարզերի սահմաններում, Սելիմի լեռնանցքի գագաթին, մի գեղեցիկ վայրում, որտեղից բացվում է Սուլեմաձորի և վայոց ձորի լեռների հոյակապ համայնապատկերը: Հնում այս ձորը կոչվում էր «Սուլեմայ ձոր» և միայն հետագայում, հավանաբար թաթարների կողմից վերանվանվել է Սելիմի ձոր, որից և ծագում է քարավանատան անունը: Քարավանատունը կառուցված էր Գեղարքունիքից Սյունիք տանող հին քարավանային ճանապարհի վրա, որը ձգվում էր մի կողմից դեպի Պարսկաստան, իսկ մյուս կողմից՝ Կուր գետի հովիտը: Լեռնանցքի գագաթից ճանապարհը ոլորապտույտ իջնում է դեպի Սուլեմաձորը: Լեռնանցքի ստորոտում, այնտեղ, որտեղից ճանապարհը շարունակում է անցնել Սուլեմա գետի հովտով, Սելիմի քարավանատնից 8-10 կմ (խճուղով) հեռավորության վրա, Լեռնանցք (Սղքենդ) գյուղը չհասած, գտնվում է մի ուրիշ, իր չափերով ավելի փոքր և տիպով տարբեր քարավանատուն: Երկու քարավանատների միմյանց այսպես մոտ տեղադրելը ըստ երևույթին պետք է բացատրել լեռնանցքով բարձրացող ճանապարհի դժվարություններով, լեռնային, հատկապես ձմռան ամիսների դաժան պայմաններում (լեռնանցքի գագաթը գտնվում է ծովից 2410 մետր բարձրության վրա): Սելիմի քարավանատան կառուցման ճիշտ ժամանակը վկայված է երկու շինարարական արձանագրություններով, մեկը հայերեն, իսկ մյուսը՝ արաբերեն լեզուներով: Չնայած հայերեն արձանագրության ավելի ընդարձակ լինելուն և արաբերենի համառոտությանը, նրանց բովանդակությունը համընկնում է, եթե չհաշվենք այն հանգամանքը, որ քարավանատան կառուցող իշխան Չեսար Օրբելյանը հայերեն արձանագրության մեջ նշվում է որպես իշխանաց իշխան Սմբատի որդին, իսկ մյուսում՝ Լիպարիտ իշխանի: Հայերեն արձանագրության մեջ քարավանատան կառուցման ժամանակը նշված է ՉԶԱ թվին (781+551= 1332): Արձանագրությունը փորագրված է ներսում, նախասրահի եռանավ դահլիճի հարավային պատի վրա: Արաբերեն արձանագրությունը փորագրված է դրսի կողմից, նախասրահի մուտքի կիսաշրջանաձև բարավորի վրա: Արաբական լեզվին այդպիսի նախապատվություն տալը, բացատրվում է այն ժամանակներում տարանցիկ քարավանային ճանապարհների վրա այդ լեզվի միջազգային նշանակությամբ: Երկրորդ արձանագրության համաձայն քարավանատան կառուցման թիվը ստացվում է 1326-1337 թթ., որը կարող է համապատասխանել ճակատի շինարարության ավարտելու թվին: Քարավանատունը տեղադրված է խճուղային ճանապարհի ուղղությամբ: Շենքն ամբողջությամբ կառուցված է բազալտից, որի գույնը լավ կապվում է քարքարոտ տեղանքին և հանդիսանում է արևելքից արևմուտք ձգված, 41 մ ընդհանուր երկարություն ունեցող մի կառուցվածք: Քարավանատան ամբողջ խումբը բաղկացած է 3 մասից՝ եռանավ մեծ դահլիճից (միջին չափերը՝ 26,0 x 13,0 մ) և նրան արևելյան կողմից հետագայում կցված նախասրահից ու սրա կողքին գտնվող կիսով չափ պահպանված թաղածածկ մատուռից: Այսպիսով, եթե նկատի չունենանք հետագա հավելումները, քարավանատան հիմնական շենքը վերաբերում է միադահլիճ-եռանավ տիպին: Ներսում երկու շարքով դասավորված են մույթերը, յուրաքանչյուր շարքում 7-ական հատ: Մույթերը կարճ են, հորիզոնական հատվածում խաչաձև: Նրանք դահլիճը բաժանում են երեք ընդլայնական նավերի: Միջին նավի լայնությունը կազմում է 5,3 մ, հյուսիսային նավինը՝ 3,2 մ, իսկ հարավային նավինը՝ 3,05 մ: Միջին և կողքի նավերը ծածկված են թաղակիր կամարների վրա հենվող գլանաձև թաղերով: Թաղակիր կամարների քայլը համապատասխանում է մույթերի քայլին: Մույթերը միացնող կամարների միջև տեղավորված են պահունակներ, որոնց վրա հենվում են թաղակիր կամարները: Այսպիսով, գլխավոր դահլիճի ներսը ներկայացնում է միմյանց զուգահեռ և իրարից քարե ոչ բարձր մսուր հանդիսացող պատնեշներով բաժանված թաղածածկ երկայն սրահներ: Արևելյան պատի տակին, ներսից տեղավորված է բազալտից կերտված քարե մեծ գուռ, որը ըստ երևույթին օգտագործվում էր անասուններ ջրելու համար: Դահլիճի արևմտյան կողմում, հարավային և հյուսիսային կողքի նավերի ծայրերին տեղավորված են մեկական ոչ մեծ սենյակներ, որոնց լայնությունը համապատասխանում է կողքի նավերի լայնությանը և անջատված են դահլիճից կապիտալ պատերով: Հյուսիս-արևմտյան անկյան սենյակը (ներքին չափերը՝ 2,65 x 3,35 մ) մուտքի միջոցով հաղորդակցում է միջին նավի հետ, իսկ հարավ-արևմտյան անկյան սենյակը (ներքին չափերը` 2,4 x 3,1 մ) – հարավային կողքի նավի հետ: Դահլիճի արտաքին պատերի հաստությունը 1,1-1,2 մ է, նրանք բոլորովին խուլ են և չունեն որևէ բացվածք: Այս բավականաչափ ընդարձակ (մոտ 340.0 քառ. մ. մակերես ունեցող) դահլիճը լուսավորվում է միջին նավի թաղի գագաթում թողնված երեք երդիկների միջոցով, որոնք դեպի ներսը բավականաչափ լայնանում են ստալակտիտաձև անցումների միջոցով: Էջմիածնի Մայր Աթոռում պահպանվել է քարավանատան մի մատիտանկար, կատարված Տարագրոսի կողմից՝, հայտնի չէ թե որ թվին: Այս նկարում քարավանատան պատի վրա ցույց են տրված շատ փոքր պատուհաններ, որոնք հիմա չեն պահպանվել, գուցե հետագայում քարով շարվել են: Դահլիճի միակ դուռը գտնվում է արևելյան կողմում և բացվում է դեպի նախասրահը: Նա մի փոքր շեղված է դահլիճի միջին նավի երկայնական առանցքի համեմատությամբ, ունի 1,65 մ լայնություն և մոտ 2,0 մ բարձրություն: Ամբողջ եռանավ շենքը դրսից ծածկված է երկթեք կտուրով, որը պատված է մեծ չափերի և իրար լավ ագուցված բազալտյա կղմինդրաձև սալերով: Նրանց հատուկ ձևը, ինչպես և շարվածքը լրիվ ապահովում էին ծածկի անջրանցիկությունը: Եռանավ դահլիճի ամբողջ կառուցվածքը ցածրադիր է և խուլ, այն խիստ մոնումենտալ է և համապատասխանում էր քարավանների ժամանակավոր ապահով հանգրվանի իր նշանակությանը: Եռանավ դահլիճի արևելյան կողմից կցված նախասրահը իրենից ներկայացնում է մի ուղղան կյուն սենյակ (ներքին չափերը՝ 9,0 մ. 5,35 մ.) որը ծածկված է 3 թաղակիր կամարների վրա հենվող գլանաձև թաղով: Արևելյան կողմից այդ կամարները հենվում են 3 պահունակների, իսկ արևմտյան կողմից՝ բազմանիստ կիսասյուների վրա: Նախասրահի թաղի գագաթին թողնված է երդիկ, մեծ դահլիճի երդիկների նման, նախասրահի ներքին տեսքը զգալի չափով հարստանում է պատերի մեջ թողնված տարբեր ձևի ու չափի և ստալակտիտներով պսակվող խորշերի շնորհիվ: Արևելյան պատի մեջ կան չորս այդպիսի խորշեր, իսկ հյուսիսային պատի մեջ՝ մուտքի դիմաց-երկուսը: Այդ խորշերը, ինչպես ժողովրդական բնակարաններում, ծառայում էին կենցաղային նպատակների: Նախասրահը նույնպես ունի երկթեք կտուր, որը պատած է մեծ չափի քարե կղմինդրաձև սալերով: Երկու դահլիճների կտուրների գոգերը միմյանց ուղղահայաց են: Նախասրահի հարավային արտաքին պատը, որի մեջ գտնվում է մուտքի բացվածքը հարդարված է առանձնապես հարուստ և իր ձևերով հակադրվում է քարավանատան ընդհանրապես պարզ ճարտարապետությանը: Ճարտարապետական արտահայտչականության միջոցներն այստեղ զգալի չափով խտացված են, հատկապես մուտքը շեշտելու համար: Կողմնորոշումը դեպի հարավ, լույս ու ստվերի միջոցով ձևերի հարստացման հնարավորությունը թելադրել են ճարտարապետին հնարամտորեն մշակել ոչ մեծ պատը: Մուտքը (լայնությունը 1,65 մ) ծածկված է կիսաշրջանաձև բարավորով (որի վրա փորագրված է արաբերեն արձանագրությունը): Մուտքի խորշի անցումը դեպի պատի հարթությունը ձևավորված է ստալակտիտային պսակով: Վերջինիս երկու կողմերում, երկթեք կտուրի քիվի վրա տեղադրաված են բարձրաքանդակներ, ձախ կողմի բարձրաքանդակը ներկայացնում է թևավոր կենդանու, իսկ աջակողմյանը՝ ցուլի պատկեր: Սրանց տակը գտնվում են ստալակտիտային ֆրիզներ, որոնք չեն հասնում մինչև պատի անկյունները: Պատի ամբողջական և համամասն կոմպոզիցիան մշակված է վարպետորեն:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *