Սբ Քրիստափորի վանքը գտնվում է Դաշտադեմից (Ներքին Թալինից) 2.5-3.0 կմ հարավ-արևելք գտնվող գերեզմանոցում: Եռախորան խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների ենթախմբի սակավ հայտնի հուշարձաններից է: Ավերակ պատերին պահպանված արձանագրությություններում (որ նվիրատվական բովանդակություն ունեն և վերաբերվում են 10-13-րդ դդ.) հիշատակված է եկեղեցու Ս.Քրիստափոր անվանումը: Հատակագծային լուծմամբ նման է ենթախմբի շատ հուշարձաններին: Բոլոր խաչաթևերը դրսից ուղղանկյուն են, արևմտյանը ուղղանկյուն է նաև ներսից և ունի 3.3 մ խորություն: Ընդհանրությունների հետ միասին եկեղեցին աչքի է ընկնում որոշակի առանձնահատկություններով: Սա այն եզակի հուշարձաններից է, որում գմբեթատակ քառակուսուց` 3.3 X 3.3 մ անցումը դեպի թմբուկի հիմքը կատարված է առագաստների միջոցով (ինչպես Արուճի, Թալինի Մեծ տաճարներում), ստեղծելով օղակաձև տրամատավոր մի գոտի, որից վեր բարձրանում է ներսից գլանաձև (ինչպես Ալամանի Ս.Անանիայի եկեղեցում), դրսից ութանիստ թմբուկը: Վերջինիս նիստերն անհավասար չափեր ունեն: Երկրի չորս հիմնական կողմերն ուղղված նիստերի լայնությունը 2.8-2.86 մ է, իսկ մյուսներինը` 1.75-1.82 մ: Ճարտարապետական արտահայտչամիջոցները (քիվերը, լուսամուտների տրամատավոր կամարունքերը) սահմանորեն պարզ են իրենց ձևերով: Որոշ բացառություն է կազմում արևմտյան ճակատը, որն ընդգծված է 7-րդ դարում մեծ տարածում ստացած շքամուտքով: Ելնելով վերոհիշյալ հատկանիշներից հուշարձանը թվագրվում է 7-րդ դարով: Ավերակ դարձած, սակայն բնորոշ մասերը պահպանած հուշարձանն իր նախնական տեսքն ընդունեց 1979-1982 թթ. ընթացքում կատարված վերականգնման աշխատանքնեի շնորհիվ:

Նյութը՝ Վարազդատ Հարությունյան, «Հայկական Ճարտարապետություն» գրքից։

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *