Գտնվում է Երևան քաղաքի հարավային մասում՝ Էրեբունի թաղամասի արդյունաբերական և բնակելի գոտիների պայմանական սահմանի վրա՝ Տիգրան Մեծի պողոտայի և Սասունցի Դավթի փողոցի հանգուցամասում: Այստեղ է տեղակայված նաև Հայաստանի գլխավոր երկաթուղային կայարանը, որը մայրաքաղաքը կապում է հանրապետության այլ շրջանների և արտերկրի հետ: Կառուցված է ազգային և դասական ճարտարապետության ձևերի համադրմամբ: Այստեղ է գտնվում նաև Երկաթուղայինների մշակույթի տունը (1966թ.): Հրապարակի կենտրոնում, ծաղկազարդ պուրակի 25 մ տրամագծով ջրավազանի մեջ վեր է խոյանում Սասունցի Դավթի հոյակերտ արձանը (քանդակագործ` Ե. Քոչար, ճարտարապետ` Մ. Մազմանյան): Սասունցի Դավիթը հայ ժողովրդական հերոսավեպի դյուցազնական, ազատատենչ, վեհանձն ու սիրելի կերպարն է: Հուշարձանը մարմնավորում է անկախության համար հայ ժողովրդի մղած պայքարը, ազգային զայրույթի արդարությունն ու անխորտակելիությունը: Այս պղնձակոփ արձանը տեղադրվել է 1959թ.` բազալտե ժայռանման պատվանդանի վրա: Հուշարձանը դասվում է խորհրդային արվեստի լավագույն ձիարձանների թվին, որի համար 1967թ. տաղանդաշատ քանդակագործն արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի: Այստեղ է գտնվում նաև Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանը:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *