Ախուրյան գետի ձախ ափին, տեղավորված է Ներքին Ջրափի ոչ մեծ գյուղը: Քարավանատան շենքը համեմատաբար լավ է պահպանվել, քիչ ավելի վատ, քան Սելիմի քարավանատունը և շատ ավելի լավ, քան մնացած քարավանատները: Քարավանատունը պատկանում է միադահլիճ-եռանավ տիպին: Կառուցված է հիմնովին սրբատաշ տուֆաքարերից, կրաշաղախով: Թաղավոր ծածկի համար առանձին տեղերում օգտագործված է եղել նաև ճեղքված տուֆաքարը: Եռանավ դահլիճը ընդերկայնական առանցքով ուղղված է հյուսիսից հարավ: Քարավանատան արևմտյան և արևելյան երկայնաձիգ պատերին կից դրսի կողմից կցված են բնակելի տներ, որոնք ծածկում են այս պատերի ստորին մասերը, իսկ պատերի վերին մասերից քարի երեսպատումը պոկված է և երևում են միայն շաղախի զանգվածներ: Ներսի կողմից նույն այդ երկայնաձիգ տուֆակերտ պատերը լավ են պահպանվել: Ներսի և առանձնապես դրսի կողմից համեմատաբար լավ է պահպանվել հյուսիսային ճակատը, այս պատի մեջ բացվել են երկու դուռ և մեկ պատուհան: Բոլորովին չի պահպանվել հարավային պատը, որի մեջ ամենայն հավանականությամբ գտնվում էր գլխավոր մուտքը: Քարավանատան պահպանված մասը եռանավ դահլիճ է՝ 31,0 մ. ընդհանուր երկարությամբ և 13,65 մ. լայնությամբ: Ըստ երկայնքի երկու շարքով տեղադրված են 8-ական հաստահեղույս մույթեր (1,0 x 1 ,5 0 մ. հորիզոնական հատվածով), որոնք նույն կարգի մյուս շենքերի նման դահլիճը բաժանում են 3 նավի, միջին՝ 4,15 մ. լայնությամբ և երկու կողքերի՝ 3,77-3,8 մ. լայնությամբ: Երկայնական ուղղությամբ բոլոր մույթերը միացված են իրար կամարներով: Լայնական ուղղությամբ համապատասխան մույթերը նույնպես իրար և արտաքին պատերի հետ միացված են կամարներով, որոնք, ինչպես մյուս քարավանատներում, թաղակիր կամարների դեր են կատարում: Այդ կամարները հանգչում են ոչ թե որմնամույթերի, այլ երկայնքի պատերին ագուցված պահունակների վրա, որոնք ունեն լավ նկարված պրոֆիլներ: Դահլիճը ծածկող միմյանց զուգահեռ 3 գլանաձև թաղերը գտնվում էին ընդհանուր երկթեք կտուրի տակ, որի սալահատակումը հիմա չի պահպանվել: Քարավանատան լուսավորման համար թաղավոր ծածկի գագաթին թողնված են որոշ քանակությամբ լուսամուտ-անցքեր՝ երդիկներ:   Քարավանատան ներքին պատերի մեջ թողնված են ոչ մեծ խորշեր տնտեսական նպատակների և ճրագների համար: Ո՛չ պատմական աղբյուրներում, ո՛չ էլ հուշարձանի վրա չի պահպանվել որևէ գրավոր վկայություն քարավանատան կառուցման ժամանակի վերաբերյալ: Սակայն կասկածից վեր է, որ այն կառուցվել է վրաստանից և Հայաստանի հյուսիսային գավառներից դեպի Անի տանող գլխավոր ճանապարհի վրա և վերաբերում է քաղաքի ծաղկման շրջանին, ամենից ավելի հավանական է՝ 10-11-րդ դարերին: Այս քարավանատունը Ախուրյանի վրա ձգված հանրահայտ Ջրափի կամուրջի հետ միասին, որ սպասարկում էր հին առևտրական ճանապարհը, անտարակույս վաղ միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետության առաջնակարգ հուշարձաններից է:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *