ՊԵՏՐՈՍԱՎԱՆՔ («Ջուխտակ վանք», «Պետրոսի վանք», «Գիշերավանք») Հուշարձանախումբը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում, անտառապատ Խալ-խալլու լեռան հարավային փեշին: Բաղկացած է երկու առանձին կանգնած, սրբատաշ ֆելզիտ քարերով կառուցված Ս. Աստվածածին և Ս. Գրիգոր եկեղեցիներից (այստեղից` «Ջուխտակ» ժողովրդական անվանումը) և շուրջը տարածված գերեզմանոցից: Եկեղեցիների պատերին փորագրված արձանագրություններում հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները: Ս. Աստվածածին եկեղեցի – կառուցվել է վանահայր Հայրապետի ջանքերով 1201 թ.: Շինարարն էր քարգործ վարպետ Սարգիսը: Այն դեղնավուն, բազմերանգ ֆելզիտի սրբատաշ քարերով շինված, հորինվածքով միանավ բազիլիկի տիպի, թաղածածկ, երկթեք տանիքով, հատակագծում քառանկյուն շինություն է: Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում նեղ ավանդատներն են: Մուտքի երկու կողմերում ագուցված են նուրբ քանդակազարդ խաչքարեր: Եկեղեցու մուտքի բարավորի վրա փորագրված է շինարարական արձանագրությունը. «1201 թվին հայոց ամիրայության Լաշայի և տերության… խանին… ես Հայրապետ, առաջնորդ սուրբ ուխտիս, որ կոչվում է Պետրոսի վանք, շինեցի սուրբ Աստվածածին և հույսով կարգեցի, որ ճրագլուցին երկու խորաններում ինձ համար պատարագ կատարեցին նաև մեկն իմ եղբայր Շմավոնին, իսկ բոլոր եկեղեցիներում իմ ծնողների համար»: Պատերին կան նաև մի քանի նվիրատվական արձանագրություններ: Ս. Գրիգոր եկեղեցի – կենտրոնագմբեթ, որմնամույթերի վրա հենվող 4 կամարով, սրբատաշ քարերով, միջին մեծության (9,7X7,5 մ) կառույց է, որը գտնվում է Ս. Աստվածածին եկեղեցուց 20 մ արևելք: Կիսաշրջանաձև ավագ խորանի երկու կողմերում գտնվող երկհարկ ավանդատները ձևավորված են նրբաքանդակ, բարձրաճաշակ զարդանախշերով: Վարպետորեն կերտված եկեղեցու արևմտյան մուտքի բարավորի արձանագրությունից կարելի է ենթադրել, որ դա Ս. Աստվածածին եկեղեցուց վաղ է կառուցվել, հավանաբար 11-րդ դարում։ 1973-1977 թթ. Ջուխտակ վանքի եկեղեցիները նորոգվել են, շրջապատը բարեկարգվել է, իսկ 1980-ական թթ. կատարվել են ամրացման աշխատանքներ: Վանքի տարածքում նշմարվում են օժանդակ շինությունների հետքեր: Երկու եկեղեցիների շուրջ տարածված է միջնադարյան գերեզմանոցը իր յուրահատուկ տապանաքարերով, իսկ հարավային մասում, առվի աջ կողմի բարձրության վրա գտնվում է Մաթոսի գյուղատեղին: Վերջինիս ավերակներում պահպանվել են 1247 թ. Մաթոսավանք եկեղեցին, 1251 թ. մի խաչարձան և գերեզմանատուն: Հիմնական գրականություն Էլլարյան Ի., Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձանները, Եր., 1980: ՀՀՀ, հ. 4, Եր., 2003:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *