Չախալաբերդը գտնվում է Լոռու մարզի Ջիլիզա գյուղից 2,5 կմ հյուսիսարևմուտք, Լալվար լեռան հյուսիսային ստորոտի բարձրադիր բլրի վրա, շրջակա տարածքից լավ տեսանելի տեղում: Բլուրը՝ այդ թվում բերդի ողջ տարածքը ծածկված է թավուտ անտառով: Արևմտյան կողմից հոսում է Լալվար գետակը: Բերդի մնացորդներից երևում է, որ այն զբաղեցրել է մոտ 150×35 մ չափերով տարածք: Համեմատաբար լավ պահպանվել է արևմտյան մասում գտնվող միջնաբերդը, որը հատակագծում ուղղանկյունաձև է և զբաղեցնում է մոտ 0,25 հա մակերես: Շրջափակված է պարսպով, որի մնացորդներն ունեն 10-12 մ բարձրություն և 2-3 մ հաստություն: Կառուցված են ճեղքած անդեզիտե քարերով, որոնք կապակցված են կրաշաղախով (կարերը ծեփված են): Պարագծով նստած են բազալտե ժայռաբեկորների վրա: Հարավային կողմում (որտեղ տեղանքը պաշտպանական առումով պակաս հուսալի է) պարիսպը անկյուններում ուժեղացված է մեկական ուղղանկյուն աշտարակներով, իսկ միջին մասում՝ երկու կոնաձև բուրգով, որոնք ունեն ընդարձակ ներքին տարածություն: Դրանց արտաքին պատերում թողնված են պատուհաններ և դիտաճեղքեր: Միջնաբերդի տարածքի հյուսիսարևմտյան մասում՝ պարսպին կից կան կացարանների և օժանդակ շինությունների պատեր: Միջնաբերդի սահմաններից դուրս պարսպապատերի մնացորդներ՝ նույնպես բուրգերով ու աշտարակներով ուժեղացված, պահպանվել են բերդի տարածքի հարավային և արևելյան մասերում:

Բերդի մասին ամենավաղ հիշատակությունը հանդիպում է Վարդան Արևելցու մոտ, որից երևում է, որ Բագրատունյաց Աշոտ Ողորմած թագավորի մահից (977 թ.) հետո Բազաբերդը որպես ժառանգություն անցնում է նրա կրտսեր որդի՝ Կյուրիկյան թագավորության հիմնադիր Գուրգենին: Չախալաբերդը X դ. կեսերին արդեն նշանավոր է եղել: Այն բազմիցս հուսալի ապաստան է ծառայել նաև Զաքարյանների ժամանակ և հետագայում: Ավտոճանապարհով անցնելիս, միջնաբերդը դիտելի լինելով շրջագծի գրեթե 2/3-ով, հիացնում է ու զարմացնում դիտողին իր գեղատեսիլությամբ, ուղղաձիգ ծավալների հուժկու շեշտով, թավշապատ անտառի ու Լալվարի բոցկլտացող լանջերի վրա գծագրվող տպավորիչ ուրվանկարով, մեր միջնադարյան վարպետների անեզր ու անհատնում տաղանդով:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *