Ուղտասարը նշանավոր հնավայր է` հարուստ կարևոր գտածոներով։ Այն համանուն լեռան` Ուղտասարի գագաթին հայտնաբերված ժայռապատկերների մի մեծ խումբ է` Սիսիանից մոտ 17,5 կմ դեպի հյուսիսարևմուտք։ Այնտեղ կարելի է հասնել միայն տարվա բարենպաստ եղանակին /լավագույն ժամանակը հուլիս և օգոստոս ամիսներն են/ և ամենագնաց մակնիշի ավտոմեքենաներով։ Լեռան լանջերին հարյուրավոր կիլոմետրեր ձգվող տարածքով մեկ սփռված են իծագիր փորագրությունները։ Ուղտասարը գտնվում է պլեյստոցենի ժամանակաշրջանի հանգած հրաբուխով շրջապատված սառցե լճակի մոտակայքում՝ ծովի մակարդակից 3000 մ բարձության վրա: Տարվա բոլոր եղանակներին լճակի վրա սառցեբեկորներ կան, իսկ ձյունն այս տեղանքում երբեք ամբողջապես չի հալվում։ Տեղանքի արտաքին տեսքն ու վերգետնյա նյութի տարածման սահմանները թույլ են տալիս եզրակացնել, որ այն օգտագործվել է հազարավոր տարիներ առաջ` նոր քարի դարից ի վեր (մոտ. Ք.ա. 12000 թ.): Ավելի ուշ դարաշրջանների մարդիկ (խալկոլիթի` քարբրոնզի, և բրոնզի դարեր) շարունակել են քարերի վրա արձանագրել իրենց հիշարժան պատմություններն ու հավատալիքները։ Ժայռապատկերների ամենամեծ խումբը` թե տիպային և թե քանակային առումներով թվագրվում է հենց այս ժամանակաշրջանով և վաղ երկաթի դարով։  Ուղտասարի ժայռապատկերները ներկայանում են սև ու մոխրագույն հրաբխային ծագում ունեցող քարերի վրա քարե գործիքներով արված փորագրությունների տեսքով։ Դրանց մեծ մասը համարվում են հուշագրեր` նվիրված ննջեցյալների կյանքին ու հերոսական պատմություններին։ Հարուստ են բույսերի, ծաղիկների և կենդանիների, ինչպես նաև մարդկային ու երկրաչափական պատկերներով /շրջաններ, պտուտակաձև պատկերներ, կետեր, գծեր և այլն/ արված փորագրությունները։ Առկա են կենդանիների բազմաթիվ պատկերներ` վայրի և ընտանի բիզոններ, այծեր, մուֆլոններ, ջեյրաններ, եղնիկներ, ձիեր, վայրի խոզեր, գայլեր, շներ, շնագայլեր, հովազներ, արջեր և վագրեր։ Պատկերված են օղապարաններով, թակարդներով, նետ ու աղեղներով, ցցերով, նիզակներով և վահաններով որսորդներ, սայլակներ և սահնակներ քաշող ցլեր (բիզոններ)։ Կենդանական տեսարաններում գերիշխող են խոշոր եղջրավոր կենդանիները, ոչխարները և այծերը։ Հետաքրքրական է, որ Ուղտասարի ժայռապատկերներում գրեթե բացակայում են թռչունների պատկերները։ Առկա են բազմաթիվ տիեզերական խորհրդանիշներ, այդ թվում` կենդանակերպի նշաններից մեկի` խոյի պատկերը և պարզ օրացույցեր։ Վերջիններս պատկերված են անիվների տեսքով և կամ ժամանակի բաժանումը նշված է խաչի և եղանակները ցույց տվող 4 շրջանների միջոցով։ Հանդիպում են նաև աշխարհագրական տարրեր` գետեր, լճեր, աղբյուրներ և այլն, ինչպես նաև երկնային լուսատուները և աստղագիտական երևույթներ` արևը, լուսինը, աստղերը, համաստեղությունները և աստեղային երկինքը, գիսաստղեր և կայծակ։ Ամենաբարդ ժայռապատկերները, ոմանց կարծիքով, հնագույն աշխարհի պարային ամենավաղ պատկերներից են` երկու կամ ավելի մարդանց ծիսական պարեր։ Այլ պատկերներում մի քանի մարդիկ ելույթ են ունենում մյուսների առջև։ Պատկերների շարքում կան նաև իրենց բնույթով սոցիալական տեսարաններ` դրվագներ տվյալ հասարակությունան մեջ առաջնորդի զբաղեցրած տեղի ու դիրքի, և կամ ծիսակարգի վերաբերյալ։

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *