Ուլգյուրի սուրբ աստվածածին եկեղեցին թվագրվում է 11-14-րդ դարերով։ Ուլգյուր (Ուլգուրտ) Միջնադարյան հնագույն բնակավայր է, որի հին անվանումն առայժմ անհայտ է։ Սբ Աստվածածին եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ (5,45×3,7 մ արտաքին չափսերով) և մեզ է հասել կիսաքանդ վիճակում։ Պեղումների ընթացքում բացվել են բազալտե կիսամշակ քարերից, բարձրորակ կրաշաղախով հիմքերը։ Պատերը իրականացված են ներսից և դրսից քարե շարերով, միջուկում` կրաշաղախե լցվածքով։ Եկեղեցու մուտքի դուռը եղել է մեկ ամբողջական քարից, որը, սակայն, այժմ բացակայում է, հատակը շարված է կիսամշակ քարերից, իսկ քիվային քարերը մասամբ քայքայված վիճակում են։ Հուշարձանի կողքին են գտնվում պատմամշակութային արժեք ներկայացնող խաչքարեր և զարդանախշ քարեր։ Ուլգյուրը նշանավոր է նրանով, որ այստեղ է ծնվել Մոմիկ Վարդպետը` 13-րդ դ. վերջի – 14-րդ դ. 1-ին կեսի հայ մանրանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ։ 2004 թ. կատարված պեղումների արդյունքում այստեղ հայտնաբերվել են Մոմիկի ծնողների և եղբոր ընտանիքի անդամների տապանաքարերը։ Ուշադրություն դարձրեք եկեղեցու մոտ գտնվող երկու վերձիգ քարերին։ Դրանք նախաքրիստոնեական Հայաստանին բնորոշ վիշապաքարեր են` վերափոխված խաչքարերի։ Վիշապաքարերը հաճախ տեղադրվում էին ջրի ակունքների մոտ` խորհրդանշելով ջրի պաշտամունքը նախաքրիստոնեական Հայաստանում։

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *