Շատին գյուղի շրջակայքում գտնվում են միջնադարյան չորս կամուրջների մնացորդներ: Դրանցից մեկը կառուցված էր Սուլեմա (Սելիմ) գետի վրա, Եղեգիս (Ալայազ) գետակի հետ միախառնվելու տեղում և հայտնի է «Չուբուկ-քյորփի» անունով: Նա հիմնովին վերանորոգման է ենթարկվել 18-րդ դարում: Վերջին տարիներին, Մարտունի-Եղեգնաձոր խճուղային ճանապարհը բարելավելիս այն նորից նորոգման է ենթարկվել ու լայնացվել, որի հետևանքով կորցրել է իր միջնադարյան կերպարանքը: Կամուրջի կառուցման մասին փորագրված է եղել արձանագրություն՝ կամրջից դեպի արևմուտք, ոչ մեծ բլրին՝ ընդհանուր պատվանդանի վրա կանգնեցրած երկու խաչքարերի հետևի երեսի վրա: Այժմ այդ խաչքարերը ընկած են գետնին, պատվանդանի կողքին, արձանագրված երեսով դեպի հողը, և ընթերցելու համար անհրաժշտ է նրանց շրջել:

Մի ուրիշ կամուրջի ավերակներ գտնվում են Եղեգիս գետակի ափին, Շատին գյուղից դեպի արևելք, «Կաթնով-աղբյուր»-ի մոտ: Այս ըստ երեվույթին միակամար կամրջից գետակի աջ ափին պահպանվել են խելի մնացորդները քարուկիր տձև զանգվածի տեսքով, որից լիովին պոկված է քարե երեսապատումը:

Երրորդ ոչ մեծ միակամար կամուրջը գտնվում է մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորությամբ Շատին գյուղից, դեպի հյուսիս-արևելք: Նրանով Սրտաբուն (Երդափին) վտակի վրայով անցնում է ճանապարհը դեպի Եղեգիս (Ալայազ) գյուղը: Այս կամուրջը փաստորեն Շատինի շրջակայքում եղած կամուրջներից միակ պահպանվածն է: Ճիշտ է, ճանապարհի լայնացման կապակցությամբ այն որոշ չափով վերակառուցման է ենթարկվել, խելերին նոր մասեր են կցվել, որոնք ծածկվել են փայտե գերաններով, սակայն հին կամուրջը պահպանվել է ամբողջական վիճակում: Կամուրջի կառուցվածքը անտարակույս միջնադարյան է: Դրա մասին են վկայում և կամարի կիսաշրջան ձևը, շարվածքն ու շաղախը: Ճակատային կամարները շարված են սրբատաշ, իսկ թաղի մնացած սեպերը՝ կոպիտ մշակված բազալտյա քարերից, կրաշաղախով: Կամուրջի հենամիջային տարածությունը կազմում է 5,38 մ, իսկ թաղի լայնությունը՝ 2,67 մ:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *