Գտնվում է Կոշ գյուղից դեպի հյուսիս, Սբ Ստեփանոս եկեղեցուց 0,1 կմ դեպի հյուսիս, Վանքաձորի աջ ժայռապատի մեջ, ձորի հատակից մոտավորապես 30 մետր բարձրության վրա: Բազալտի բեկորներով ծածկված նեղ միջանցքը տանում է դեպի դահլիճ: Թունելմիջանցքը տեղտեղ կարելի է անցնել խիստ կռացած, սակայն ճանապարհի մի զգալի մասը սողալով: Թունելը շարված է ամբողջական, ուղղանկյուն բազալտե սալերից, որոնց մակերեսի սուր ելուստները հեռացված են: Միջանցքի երկու կողմերում, ըստ երկարության, ուղղաձիգ, առանց շաղախի շարված, բազալտե 10-12 սմ հաստությամբ սալերի վրա, տեղադրված են նմանատիպ սալեր, որոնք ձևավորում են թունելի ծածկը: Թունելի կառուցման ճարտարագիտական մտահղացումը հիշեցնում է մեգալիթյան կառույցներինը: Չնայած տեղացիները քարանձավը անվանում են Յոթ դռնանի զաղա, այն ունի ընդամենը երկու դուռ, մեկն անմիջապես հիմնական, մյուսը` սրահի մուտքին: Դռներն, ամենայն հավանականությամբ, աշխատում են, սակայն տարիների ընթացքում հավաքված փոշին, հողը և ավազը 20-25 սմ բարձրությամբ ծածկում են դռների հիմքն` անաշխատունակ դարձնելով դրանք:  Սրահի քարե դռան շրջանակը ունի երկայնակի երեք փորվածք, որոնց հատելով անցնում է լայնակի մեկ այլ փորվածք: Լայնակի փորվածքն արված է քարե դռան շրջանակի մեջ երկայնակի հագնող մակերեսի վրա: Ամենայն հավանականությամբ, լայնական փորվածքը արվել է փակաղակը աշխատեցնելու համար, իսկ երկայնական ճեղք-փորվածքները «լուսամուտի» դեր են կատարել, փակաղակի շարժումը տեսնելու համար: Դռներն, ինչպես և մյուս բոլոր քարանձավներում, բացվում են դեպի ներս: Քարանձավի հյուսիս-արևելյան պատի վրա, հատակից 2,5-3 մ բարձրությամբ, բացվում է կավե ջրատար: Խողովակի բերանի տրամագիծը 23 սմ է: Թե ինչպես է ջրատարը հասել այստեղ, և թե ինչպես են 15 մ հատվածքով հոծ բազալտի շերտի միջով կավե խողովակը հասցրել քարանձավ, առ այսօր պարզ չէ: Մնում է ենթադրել, որ խողովակի անցկացման ճանապարհը ջրադինամիկ բնական թունել է եղել, որի միջով կավե խողովակը անցկացնելուց հետո, հնադարյան շինարարները ջրադինամիկ թունելը վարպետորեն քողարկել են ինչ-որ շինարարական մեզ անհայտ հնարքով: Սակայն դա դեռ պետք է պարզել: Քարանձավի պատերը շարված են կրաշաղախով ամրացված բազալտե խոշորաբեկոր քարերով: Քարանձավի հարավային և հարավ-արևմտյան մասում՝ պատի տակ, երկու հարթությունների վրա, բացվում են հեղուկ (հավանաբար ձեթ, գինի) և չոր (հացահատիկ) սնունդ պահելու համար նախատեսված կարասներ: Առաջին հարթակը գտնվում է քարանձավի հատակից 15-20 սմ բարձրության վրա, և այստեղ բացվում են 4 հատ կարասի բերաններ, իսկ երկրորդն առաջինից 120 սմ բարձրության վրա, որի վրա բացվում են 6 կարասների բերաններ: Թունելի մուտքից 6 մետր խորությամբ, դեպի քարանձավը գտնվող փոքր խորշը, երևի թե նույնպես պահեստարան է եղել: Քարանձավը գյուղի երեխաների սիրած վայրերից մեկն է, ուր նրանք հաճախ են այցելում: Այստեղ հաճախ են կրակ վառում, սակայն ծուխն անմիջապես քաշվում, դուրս է գալիս բազալտային ծածկոցի ճեղքերի միջով:  

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *