Յայջի գյուղից ոչ հեռու, Սիսիան-Գորիս խճուղային ճանապարհի մոտ՝ մի անմարդաբնակ վայրում, գտնվող կիսավեր քարավանատունը պատկանում է Հայաստանի քիչ հայտնի հուշարձանների թվին: Միջին դարերում այստեղով անցնում էր քարավանային ճանապարհ, որի հետքերը հիմա էլ կարելի է նկատել քարավանատան մոտը տարածվող դաշտավայրում: Հին ճանապարհի ուղղությամբ տնկված են կամ գետնին ընկած բավականին թվով քարե սյուներ, որոնք, պետք է ենթադրել, ծառայում էին որպես ուղենիշեր, որպեսզի ձմեռվա ամիսներին, բուքի ժամանակ ճանապարհով անցնող քարավւսնները ճիշտ կողմնորոշվեին: Այս քարերը ունեն 1,2-1,5 մ երկարություն: Նրանց ծայրերին արված են ոչ մեծ անցքեր, որպեսզի նրանց միջով անցկացրած թոկերի օգնությամբ քարհանքից քարշ տային մինչև կանգնեցման տեղը: Քարավանատան կառուցման ժամանակը ճշտվում է մուտքի կիսաշրջան բարավորի վրա փորագրված, ներկայումս խիստ եղծված և վերծանման չենթարկվող շինարարական արձանագրությամբ: Սակայն արձանագրության սկզբնական տառերը, որոնք հենց ներկայացնում են կառուցման ժամանակը՝ (Ի թվ ՉՂԲ (792 + 551 =1343թ.) բարեբախտաբար ընթեռնելի են: Այսպիսով, այս քարավանատունը կառուցված է 14-րդ դարի առաջին կեսում, ժամանակակից է Սելիմին և նրա հետ միասին օգնում է անթվակիր քարավանատների թվագրմանը: Կառուցվածքը պատկանում է միադահլիճ-եռանավ քարավանատների տիպին: Քարավանատան հիմնական շենքին կից, նրա մուտքի առաջ հետագայում կցել են ոչ մեծ չափի (ներքին չափերը՝ 4,05 x 4,9 մ) մի նախամուտք, որից պահպանվել են միայն արտաքին պատերը: Մյուսների համեմատությամբ այս քարավանատունը մեծ չէ իր չափերով, այնուամենայնիվ եռանավ դահլիճի մակերեսը կազմում է 185 ք. մ.-ից ավելի: Ուղղանկյուն դահլիճում (ներքին չափերը՝ 10,2 x 18,2) երկու շարքով տեղադրված են հատակագծում քառակուսի չորսական մույթեր կամ հենակներ, որոնք միմյանց և երկայնական արտաքին պատերի հետ կապված են նավերի թաղային ծածկը կրող կամարների միջոցով: Մույթերի քայլին երկայնական պատի ուղղությամբ համապատասխանում են որմնամույթեր, որոնց վրա հենվում են լայնական կամարները: Լայնքի պատերի վրա նույն դերը կատարում են պահունակները: Միջին նավի լայնությունը կազմում է 3,25 մ., իսկ կողքի նավերինը՝ 2,90 մ: Բոլոր նավերը ծածկված են գլանաձև թաղերով, որոնցից մուտքի մասում պահպանվել է չնչին մասը, ընդամենը մի թռիչք: Մնացած մասի ծածկը խորտակվել է և նրա բեկորները լցված են քարավանատան դահլիճը: Քարավանատան եռանավ դահլիճի ծածկը դրսից երկթեք է եղել, հավանաբար նույնպես պատած քարե կղմինդրաձև սալերով, որոնց օրինակները տեղում չեն պահպանված: Ամբողջ կառուցվածքը կանգնեցված է դարչնագույն տուֆ քարով և կրաշաղախով: Այսպիսով, Յայջիի քարավանատունը Սելիմի քարավանատնից հետո հանդիսանում է երկրորդ թվագրված և քիչ թե շատ պահպանված հուշարձանը, որը սակայն կարիք ունի մաքրման և վերանորոգման:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *