Յայջի գյուղը սփռված է Որոտանի խոր կիրճի շուրթին: Գյուղի փողոցներից մեկը տանում է ուղիղ դեպի կիրճը, ապա վերածվելով մի նեղ, քարքարոտ արահետի, զառիթափով ոլորապտույտ իջնում է դեպի Որոտանի ձախ ափին գտնվող հին Յայջի գյուղատեղը: Այնուհետև նեղ, դժվարանցանելի ճանապարհը շարունակվում է կիրճի ձախ լանջով դեպի կամուրջը, որը հին Յայջիից հեռու է մոտ 6 կլմ.: Կամուրջը չհասած, մոտ մեկ կիլոմետր այս կողմ, կիրճի փոքրինչ լայնացած հովտում կարելի է տեսնել հին շենքի ավերակներ, որոնք հավանաբար մի այլ քարավանատան էին պատկանում: Անցնելով այս ավերակների մոտով, ճանապարհը նորից դուրս է գալիս կիրճի լանջը և մոտենում Որոտանի կամուրջին: Սա կառուցված է Որոտանի նեղ մասում, նրա խելերը հենվում են երկու բարձր ժայռերի վրա: Ձախ կողմի խելը փոքրինչ ցածր է աջափնյա խելից, որի ժայռի հիմքերը կազմում են աջափնյա ժայռերի ուղղակի շարունակությունը: Կամուրջի ձևն ու շինելակերպը վկայում են նրա միջնադարյան լինելը: Պետք է ենթադրել, որ այն կառուցված է նույն ժամանակները, ինչ այդ ճանապարհի ուղղությամբ կառուցված մյուս հուշարձանը՝ Յայջիի քարավանատունը, այսինքն 14-րդ դարի կեսում: Այդ երկու կառուցվածքը միասին, ինչպես նաև կամուրջից ոչ հեռու գտնվող մյուս ավերակ շենքը սպասարկում էին դեպի Տաթև տանող ճանապարհը: Կամուրջը երկու ճակատային կամարներից բացի, որոնք շարված են սրբատաշ սեպաքարերից, ամբողջությամբ կառուցված է բազալտե անտաշ քարերից, կրաշաղախով: Կամրջի ընդհանուր երկարությունը կազմում է 31,0 մ, կամարային բացվածքը՝ 12,0 մ, իսկ ընդհանուր լայնությունը՝3,5 մ, որից երթևեկային մասը կազմում է 2,15 մ:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *