Մագելի քարանձավը Հայաստանում ամենամեծերից է։ Գտնվում է Վայոց ձորի Ուփի ձորում, Նորավանքի ձոր տանող ճանապարհի 2-րդ կմ-ին։ Քարտեզագրված տարածքը 1,7 կմ խորություն ունի, սակայն դեռևս կան ամբողջությամբ չհետազոտված ավելի փոքր հատվածներ։ Քարանձավը բնակեցված է եղել էնեոլիթյան ժամանակաշրջանից։ Այստեղ, համեմատաբար ավելի նոր շրջանի գտածոները վերաբերվում են մ.թ. 10-14-րդ դարերին։ Քարանձավի հեռավոր դիրքը և դժվարամատչելի մուտքը դարձրել էին այն հուսալի ապաստարան հարձակումներից թաքնվելու համար։ Խորության պատճառով քարայրում հաստատուն ջերմաստիճան է պահպանվում` 14 C։ Մուտքի սկզբնամասը այնքան նեղ է, որ հազիվ մի մարդ կարող է ներս սողոսկել։ Անցուղին իր տարբեր հատվածներում նեղանում և ընդարձակվում է, որոշ մասերում, նույնիսկ, հասնելով 10-15 մետր լայնության։ Ներսում կան քիչ քանակությամբ շթաքարեր և պտկաքարեր, սակայն դրանց մեծ մասը բարբարոսաբար կոտրվել են։ Անփորձ այցելուներին և զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում քարայր մտնել առանց փորձառու զբոսավարների ուղեկցության։ Մագելի քարանձավը նաև հազվագյուտ ստորգետնյա էկոհամակարգ է` հազարավոր չղջիկների բնակավայր։ Չղջիկները կաթնասուններից միակն են, որոնց կարելի է իսկապես թռչող կենդանիներ համարել։ Դրանք կազմում են Հայաստանի էկոլոգիական համակարգի անօտարելի մի մասը և դրա կայունության պահպանման հարցում առանցքային նշանակություն ունեն։ Ուշադրություն` քարայրն ամբողջությամբ քարտեզագրված չէ և բավական վտանգավոր է։ Որոշ հատվածներում կան կտրուկ վայրէջքներ և փոսեր։ Քարայրը կարելի է հետազոտել միայն փորձառու և պրոֆեսիոնալ զբոսավարի ուղեկցությամբ։

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *