Հին Քարաշեն լքված գյուղը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, նախկին Գորիսի շրջանում, Գորիս քաղաքից 7-8 կմ հս-արլ, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի ձախ կողմում, ձորալանջի վրա՝ շրջապատված արգավանդ դաշտերով։ Կլիման մեղմ է, ջուրը՝ սակավ։ Ունի մի քանի աղբյուրներ, որոնք սակավաջուր են։ Գյուղի հարավային կողմում կան հանքային աղբյուրներ։ Հին քարանձավ-տների և հողակտուրներով խրճիթների փոխարեն, այժմյան Քարաշեն գյուղն ունի քարաշեն, տանիքավոր, հարմարավետ տներ։ Նախկինում կոչվում էր Դաշքենդ. 1831 թ. ուներ 74, 1897 թ.՝ 628, 1926 թ.՛ 656, 1939 թ.՝ 661, 1959 թ.՝ 589, 1970 թ.՝ 505, 1981 թ.՝ 542, 1989 թ.՝ 493 հայ բնակիչ։ Բնակիչների նախնիների մեջ կան 1829 թ. Խոյից եկածներ։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների միակությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ, ճակնդեղագործությամբ։ Ունի ութամյա դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, ավտոմատ հեռախոսակայան, մսուր-մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան, բաղնիք։ Ըստ 1781 թ. հարկացուցակի Տաթևի վանքին տալիս էր 3300 դահեկան պտղի հարկ (Մատենադարան, ձեռագիր N 1488, էջ 215(ա))։ Հետևաբար Հ. Բահաթրյանի այն վկայաթյունը, թե այս գյուղը «հիմնադրվել է 1825 թ-ից հետո» («Արցախի վիճակագրություն», «Նոր-Դար», N 34, 1885 թ), պետք է հասկանալ այնպես, որ Քարաշեն հին գյուղն ավերվել և ապա՝ 1825 թ. վերաշինվել է։ Գյուղում պահպանվել են մանր քարերով և կրաշաղախով շինված, փոքր զանգակատնով եռանավ բազիլիկ եկեղեցին (1551 թ.), գերեզմանոցներ (13–16-րդ դդ.)։ Գյուղից 1 կմ հյուսիս լեռան վրա է գտնվում Ս. Գևորգ (Ս. Սարգիս) եկեղեցին՝ կառուցված 1731 թ., որը տեղացիները վանք են կոչում։ Սրբատաշ քարից շինված, սալահատակված փոքրիկ կառույց է՝ միանավ սրահ։ Գյուղի հարավային եզրին է գտնվում 1927 թ. կառուցված կամուրջը: Շրջակայքում կան Հատկաշեն և Խաչեն կոչված գյուղատեղիները։ Այստեղ են ծնվել հայ գուսան Աթան՝ Աթա Սայիլյանը (1852-1942), բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարյանը (1924-2001), պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Ամիրյանը (1929)։

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *