Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը հայկական դրամն է: Միջազգային նշանակումը`AMD: Մեկ դրամը հավասար է 100 լումայի: Լումաները, ըստ էության, առօրյա գործածությունից դուրս են: Հայաստանի ողջ տարածքում առևտուրն իրականացվում է բացառապես ՀՀ ազգային արժույթով՝ ՀՀ դրամով:
ՀՀ տարածքում լայնորեն շրջանառվում են ինչպես տեղական «ԱրՔա» (ArCa) քարտերը, այնպես էլ միջազգային «ՄաստերՔարտ» (MasterCard) և «Վիզա» (Visa) քարտերը: Կրեդիտ քարտերը (American Express, Visa, Euro/MasterCard) ընդունեւմ են բոլոր միջազգային և խոշոր հյուրանոցները, խանութների մեծամասնությունը` որպես կանոն բանկային փոխանցումների ծառայությունների մատուցման համար սահմանված նվազագույն գանձապահումներով:
Տարադրամը կարող եք փոխանակել ինչպես բանկերում, այնպես էլ Երևանի և մյուս խոշոր քաղաքների բազամաթիվ տարադրամի փոխանակման կետերում: Բանկերի աշխատանքային ժամերն են` 09:00-16:00: Տարադրամի փոխանակման կետերը աշխատում են մինչև կեսգիշեր, հանգստյան և տոն օրերին: Սուպերմարկետներին կից գործող տարադրամի փոխանակման կետերը աշխատում են շուրջօրյա: Խոշոր բանկերում և հյուրանոցներում հնարավոր է փոխանակել եվրոչեքեր: Հավելյալ փոխանակումից խուսափելու նպատակով, հարմա է վերցնել տուրիստական չեքեր` ԱՄՆ դոլլարով: Տարադրամի այսօրվա համար սահմանված փոխարժեքներին, ինչպես նաև Հայաստանում ֆինանսական ծառայություններ մատուցող բանկերի մասին տեղեկություններ կարող եք ստանալ ՀՀ Կենտրոնական բանկի կայքից՝ http://www.cba.am :
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորային մաքսային հսկողության գօտում գործում է մաքսային ձևակերպումների և հսկողության իրականացման երկուղային համակարգ` «կարմիր» և «կանաչ» ուղիներով: «Կարմիր» ուղին նախատեսված է այն ուղևորների համար, ովքեր տեղափոխում են հայտարարագրման ենթակա ապրանքներ, իսկ «կանաչ» ուղին ընտրում են հայտարարագրման ենթակա ապրանքներ չունեցող ուղևորները:
Ներկայում, համաձայն ՀՀ կառավարության նոր որոշման, երկուղային համակարգ կիրառվում է միայն ՀՀ միջազգային օդանավակայաններով ժամանող ֆիզիկական անձանց մաքսային հսկողության ժամանակ: Նախկինում այդ գործընթացը պարտադիր էր նաև մեկնողների համար: Բացի այդ, ի տարբերություն հանրապետություն ժամանողների` ՀՀ միջազգային օդանավակայաններով մեկնող և տարանցիկ ուղևորվող ֆիզիկական անձանց համար այլևս պարտադիր չէ մաքսային հայտարարագիր լրացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ.
–մաքսային սահմանով տեղափոխվում են ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված այնպիսի ապրանքներ, որոնց` մաքսային սահմանով տեղափոխումը ենթակա է ոչ սակագնային կարգավորման.
–ֆիզիկական անձի համար վերաարտահանվում են նախկինում «ժամանակավոր ներմուծում» կամ «ժամանակավոր ներմուծում»` վերամշակման համար՝ ռեժիմով ՀՀ ներմուծված ապրանքներ.
–ֆիզիկական անձը մաքսային հայտարարագիր լրացնելու ցանկություն է հայտնում.
արտահանվում են վերջին 50 տարում մահացած այն հեղինակների / օր.` Մարտիրոս Սարյան, Գրիգոր Խանջյան, Հակոբ Կոջոյան, Երվանդ Քոչար/ ստեղծագործությունները, որոնց համար պարտադիր պետք է ներկայացնել ՀՀ–ից մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր: Իսկ այն ստեղծագործությունները, որոնք ընդգրկված են կառավարության 2005թ. համապատասխան որոշմամբ սահմանած ՀՀ մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկում, առհասարակ չի թույլատրվում արտահանել թեկուզ` ժամանակավոր, օրինակ` մատենադարանի որոշ հնագույն ձեռագրեր, ավետարաններ և այլն:
Նշված դեպքերում մաքսային հայտարարագիրը պետք է ներկայացվի նախքան մաքսային հսկողության գոտի մուտք գործելը:
Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ հանրապետությունից մեկնող ֆիզիկական անձի մոտ առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ, ապա մինչև մաքսային հսկողության գոտու մուտքը հատելը մաքսային մարմնի պաշտոնատար անձը կարող է կանգնեցնել նրան և առաջարկել լրացնել գրավոր մաքսային հայտարարագիր:
Օդային ճանապարհով ներմուծվող բեռների մաքսային հսկողությունն իրականացվում է «Արմենիա» միջազգային օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում, որտեղ տեղակայված է նաև «Զվարթնոց» մաքսատունը: Բեռների զննումն իրականացվում է նորագույն սարքավորումներով, այդ թվում ռենտգենահեռուստատեսային ներսադիտակներով, որոնցից մեկը` իր չափերով հանրապետությունում ամենամեծ ներսադիտակը ևս տեղադրվել «Կարգո» բեռնային համալիրում: Այն թույլ է տալիս հնարավորինս կարճ ժամանակահատվածում զննել մեծածավալ բեռներ:
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.customs.am ինտերնետային կայք: