Հիմնադրվել է 1919թ.՝ Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի որոշմամբ: Գործի անմիջական նախաձեռնողներն էին վարչապետ Ա. Խատիսյանը, հանրային կրթության և արվեստի նախարար Ն.Աղբալյանը, Վրաստանում ՀՀ ներկայացուցիչ Դ.Ս.Ձավրիևը և Կովկասի ազգագարական թանգարանի ավագ վերահսկիչ Ս. Տեր Ավետիսյանը: Թանգարանի տնօրեն է նշանակվել բազմավաստակ ազգագրագետ Երվանդ Լալայանը: Թանգարանը տեղակայված է մայրաքաղաքի սրտում: Կենտրոնական առանցքով ու կամարակապ շղթայով առանձնացող ճարտարապետական կառույցն իշխում է Հանրապետության Հրապարակի վրա: Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուների հիմքը Թիֆլիսի Հայոց ազգագարական ընկերության ժողովածուն էր: 1922-1931 թթ. այստեղ են տեղափոխվել նաև Մոսկվայի Լազարյան ճեմարանի (1922թ.), Նոր Նախիջևանի հայկական թանգարանում պահվող Երվանդ Շահազիզի (1922թ.), Անիի հնադարանի (1926թ.) և Էջմիածնի պետական հավաքածուները, ինչպես նաև հնությունների պահպանության կոմիտեի հնագիտական գիտարշավների պեղածո նյութերը (1929-1931թթ.): Թանգարանի հավաքածուն տարբեր տարիներին համալրվել է նաև գնումների ու նվիրատվությունների շնորհիվ: 1922թ. բացվել է նաև հեղափոխության բաժինը, որը հետագայում վերածվել է առանձին թանգարանի: Ներկայումս ՀՊԹ-ում պահվում է շուրջ 400 հազար թանգարանային արժեք, որից ավելի քան հինգ հազարը՝ մշտական ցուցադրությունում: Բազմաթիվ ցուցահանդեսների միջոցով հանրահռչակվում են հարուստ հավաքածուներն ու աշխարհի տարբեր ծայրերից ժամանաց հյուրերին ներկայացվում է հայոց պատմությունն ու մշակույթը:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *