Կոտայքի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետությունում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ: Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին: Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդը, Մարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը: Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին: Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է: Ամենամեծ քաղաքն Աբովյանն է, որը գտնվում է Երևան քաղաքից ընդամենը 10 կմ հեռավորության վրա: Կոտայքի մարզը զբաղեցնում է 2,089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 254 397 մարդ։ Կոտայքի արևմտյան մասը նախկինում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների մեջ։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմող Աբովյանի, Հրազդանի և Նաիրիի շրջանների միավորման հետևանքով։ Կոտայքի մարզը խորհրդային տարիներին ունեցել է զարգացած մեքենաշինական, հաստոցաշինական արդյունաբերություն, որն այժմ գրեթե վերացել է։ Կոտայքի մարզը Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է: Հրազդանում մինչ օրս գործում է ջերմաէլեկտրակայան և ջրաէլեկտրակայան, որոնք բավարարում են Հայաստանի էներգետիկ պահանջների մի մասը։ Մարմարիկ գետի ձախ ափին գտնվող Մեղրաձոր գյուղում պահվում են երկրի ոսկու պաշարների մեծ մասը։ Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, որն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն: Մարզի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Դրանց մարգարիտը Գառնու հեթանոսական տաճարն է, որը կառուցվել է 1-ին դարում և համարվում է մինչ օրս պահպանված նախաքրիստոնեական հայկական արվեստի եզակի նմուշներից մեկը։ Նշանավոր են նաև Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կողմից կառուցված Բջնի բերդը, ինչպես նաև միջնադարյան Կեչառիսի վանքային համալիրը և Գեղարդավանքը՝ ուր և պահվում էր հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է Քրիստոսի կողը։

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *