Շնող գյուղի պատմությունը սերտորեն միահյուսված է նրա աչքի ընկնող ամրոցներից մեկը և կարևոր դեր խաղացել Հայաստանի հյուսիսարևելյան շրջանների անվտանգության ապահովման գործում: Պարագծով եզերված լինելով բարձր, մեծ մասամբ անմատչելի ժայռերով, Կայծոնի տարածքն աչքի է ընկնում բնական պաշտպանական հուսալի և նպաստավոր պայմաններով: Իր շրջագծով և բնական պաշտպանական համակարգով շատ նման է Գառնիի, Անիի, մասամբ նաև Լոռե ամրոցներին: Պարսպապատերի մնացորդներ (բազալտե խոշոր անմշակ քարերով՝ առանց շաղախի) կան ամրոցի տարածքի արևելյան անկյունաձև, մասի երկու կողմում: Հիմնական մուտքը («Բերդի դուռը») կամարակապ, բրգաձև աշտարակներով գտնվել է արևելյան կողմում, որտեղ հրվանդանը նեղ պարանոցով միանում է գյուղի ընդհանուր տարածքին (մնացորդները եղել են մինչև XX դ. սկիզբը): Ունեցել է նաև օժանդակ մուտք հարավային կողմից, որտեղ ժայռերը նվազ թեքությամբ իջնում են դեպի ձորը: Խմելու ջուրը բերվել է կավե փողրակներով՝ Ս. Սարգսի մատուռով բլրի արևելյան կողմի աղբյուրից: Պաշտպանական համակարգում ունեցել է հարավային կողմից դեպի «Առվի ձորն» իջնող գաղտնուղի (բացվել է 1966-ին ավտոճանապարհի լայնացման ժամանակ): Տարածքում ի հայտ են եկել բրոնզե և պղնձե իրեր (այդ թվում թռչանների և կենդանիների խմբային դիմաքանդակներով գոտի, որ վերագրվում է մ. թ. ա. VIII դարին), խեցեղեն, քարարկղային թաղումներ և այլն: Տարածքի արևմտյան մասում, հարավային քարափից ընդամենը 6 մ հեռավորությամբ գտնվում է ամրոցին ժամանակակից երկլանջ կտուրով, թաղածածկ ոչ մեծ միանավ դահլիճ (կիսավեր):
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!