Եթե Կիրանց-ջուր գետակի հոսանքին հակառակ բարձրանալու լինենք հովիտն ի վեր, ապա «Սրանոց»-ի կամրջից մոտավորապես՝ 4 կիլոմետր հեռավորությամբ «Չայ-ղոշան» կոչվող գետակի վրա կարելի է հանդիպել միջնադարյան մի կամուրջի մնացորդների: Այս կամուրջը նույնպես, ինչպես որ «Սրանոց»-ի կամուրջը, կառուցվել է հավանաբար 12-13-րդ դարերում և սպասարկում էր այն ճանապարհը, որով միմյանց հետ հաղորդակցում էին իրարից ոչ հեռու գտնվող Դեղձնուտի, Սամսոնի, Կիրանց և Առաքելոց վանքերը: Կամրջից այժմ տեղում պահպանվել են միայն երկու ափերի խելերը՝ 2 ,5-3,0 մ բարձրությամբ: Նրանց միացնող թաղը կործանվել է վերջին տարիների ընթացքում և ներկայումս խելերի վրա ձգված են փայտե գերաններ: Կամրջի կամարային հենամիջի չափը կազմում էր 6,5 մետր, իսկ սլաքը՝ 3,85 մ, կամարի կիսաշրջանը շարված էր մաքուր տաշված և 0,5 մ բարձրություն ունեցող վարդագույն և կրաշաղախով լավ կապակցված քարերից: Կամրջի ավելի պատասխանատու մասերը՝ խելերի հիմքերը, կամ սկզբից, կամ հետագա վերանորոգման ժամանակ շարված են ջրի քայքայիչ ազդեցությանն ավելի դիմացկուն քարով՝ բազալտով: Ճակատային պատերը, հավանաբար նույնպես հետագա վերանորոգումների ժամանակ շարված էին անձև քարերով և առանց շաղախի: Եթե նայելու լինենք ջրի հոսանքին հակառակ ուղղութամբ, ձախ ափին, թաղի քարերից մեկի վրա քանդակված էր դժվար ընթեռնելի, հիջրայի 1207 (1869) պարսկերեն մի արձանագրություն, որն ըստ երևույթին վերաբերում էր կամրջի նորոգմանը:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *