Լճաշենը որպես բնակավայր սկզբնավորվել է մ. թ. ա. IV հազարամյակի վերջին, III հազարամյակի 2-րդ քառորդում վերածվել է ամրոցի, որի մնացորդները գտնվում են գյուղից մոտ 3 կմ հվ.: 3-4 մ հաստությամբ չոր լիցքով պարիսպները (կանգուն հատվածները հասնում են մինչև 7 մի) կառուցվել են բազալտի անմշակ ժայռաբեկորներով: Պարսպի շրջանակները, տարբեր ժամանակներում, 3 անգամ ընդարձակվել են: Ուրարտացիներն, ամրոցը գրավելուց հետո, հակառակորդի ուժերը ջլատելու նպատակով, պարսպի ներսում կառուցել են նոր ծուղակներ: Ամրոցը շրջապատված է նաև բնական ամրություններով (ձորակներ, քարափներ), ունի 3 շարք հաստ պարիսպներով շրջապատված միջնաբերդ, որ գրավում է 0,4 հա տարածք: Պահպանված են մեկ գլխավոր (լայն) և երկու նեղ (հետիոտնի համար) մուտքեր, երկու հզոր աշտարակ: Միջնաբերդում բացվել են 3 հնագույն (մ. թ. ա. II-I հազարամյակներ) և միջնադարյան շերտեր: Պարսպի ներսի կառույցներն ընդարձակ են՝ միջնորմով բաժանված 2-4 անհավասար մասերի, ծածկերը եղել են հարթ, շատ դեպքերում՝ երկթեք կամ գմբեթաձև՝ հենված 4 սյուների վրա: Մի շարք կացարաններում բացվել են պատերի մեջ դրված ծխնելույզներով օջախներ, ներսի պատերին կից՝ մոտ 15-20 սմ բարձրությամբ և 1,5 մ լայնությամբ քարե թախտեր: Պեղվել է նաև կանոնավոր սալահատակով և հատակի տակ անցկացված ջրատարով լողարան: Ամրոցն ունեցել է հրազարկ, որը միաժամանակ ծառայել է իբրև ապրանքափոխանակության շուկա: Գյուղից 3 կմ դեպի հվարլ. գտնվող բրոնզեդարյան դամբարանադաշտը Հայաստանում խոշորագույններից է և հայտնի է բրոնզեդարյան արվեստի առարկաների եզակի հավաքածուներով: Այն ունի 800 մ երկարություն և 100 մ լայնություն, ընդգրկում է մոտ 800 դամբարան (հիմնականում՝ դամբարանաբլուրներ և կրոմլեխներ, մեծ մասամբ` քարարկղային թաղումներով): Մեծ դամբարանադաշտից մոտ 250-300 մ դեպի հարավարևելք և արևելքից գյուղին կից կան ևս մեկական փոքր, նույն ժամանակաշրջանի դամբարանադաշտեր: Գյուղից արևելք, լճի ջրերից ազատված տարածքում, ուր այժմ կառուցված են նոր բնակելի տներ, գտնվում է դամբարանադաշտին հասակակից բնակատեղին, որի ուղիղ փողոցների երկու կողմերում բացվել են շրջանաձև և քառանկյունի հիմքերով շենքերի մնացորդներ: Պեղվել է 5 կացարան, որոնցից մեկում ծառի ճյուղից հյուսված միջնորմը միմիանց միացնելով ներսի սյուները՝ բնակարանը բաժանում է երկու մասի: Գտնվել են նաև ծղոտից հյուսված զամբյուղի մնացորդներ: Բնակատեղիի մոտ, լճափին ժայռի վրա գտնվում է ուրարտական Արգիշտի Ա թագավորի թողած արձանագրությունը՝ Իշտիգունի և Կիեխունի քաղաքների նվաճման մասին: Լճաշենում մ.թ.ա. III հազարամյակի սև փայլով, կիսագնդաձև կանթերով խեցեղենը, XV-XVI դդ. փոխարինվում է խորաքանդակով, գունազարդ, կետազարդ և եռագույն նախշազարդ արտադրանքով, որի շատ նմուշներ աղերսվում են պաշտամունքների, թաղման ձևերի, զարդարվեստի հետ: Դրանք եզակի և ուշագրավ հավաքածուներ են՝ պատված կարմիր, սպիտակ, չխամրող ներկերով, սև փայլով, մանր կետախմբերից բաղկացած իմաստավորված նախշազարդեր ով, թռչունների, սողունների և լուսատուների պատկերներով: Առանձնապես արժեքավոր են եռագույն, կետազարդ զոհարանների, բուրանոթների, բազմափող սափորների, երկու կողմից ներճկված կավե ամանների հավաքածուները: Նախավերջին փուլում (մ.թ.ա. XV-ХI դդ.) ի հայտ է գալիս ցանցկեն, եռանկյունաձև և գծային նախշերով զարդարված խեցեղենը, իսկ վերջին փուլում (մ. թ. ա. II հազարամյակի վերջմ.թ.ա. I հազարամյակի կես)՝ համեմատաբար ցածրորակ, բայց ինքնատիպ խեցեղենն: Մ. թ. ա. II հազարամյակի սկզբից արդեն Լճաշենի տնտեսության մեջ կարևոր տեղ է գրավել փայտագործությունը, որն առավել զարգացել է XVI- XV դարերից: Փայտից պատրաստել են կենցաղային, ռազմական, թաղման սովորույթների հետ կապված առարկաներ (գդալ, շերեփ, բաժակ, քրեղան, դույլ, մատուցարան, բազկաթոռ, սեղան, վահան, լանջապանակ, դիապահպանակ, դիակառք և այլն): Լճաշենից հայտնաբերվել են 8 տարբեր տեսակի 20 դիակառքսայլեր (լծված ձիերի և եզների կմախքների հետ), որոնք պատկանել մ.թ.ա. II հազարամյակի տեղաբնիկ երևելիներին և նրանց հետ թաղվել արտակարգ հարուստ գույքով: Ճաղավոր անիվներով ռազմակառքերն ու սկավառակաձև անիվներով, կամարածածկ, հյուսված բարձր կողերով դիակառքսայլերը եզակի նմուշներ են: Դրանցից 5-ը առջևից և ետևից փակված են քանդակազարդ տախտակներով: Հնագույն (մ. թ. ա. XIX դ.) երկանիվ դիակառքսայլերն ունեն պարզ, ուշ շրջանի քառանիվները՝ բարդ կառուցվածք: Առնիներն անշարժ են, պտտվել են միայն անիվները: Լճաշենի տեղաբնիկների մոտ մետաղագործությունը, սկզբնավորվելով III հազարամյակի կեսերից, զարգացման բարձր աստիճանի է հասել XV-XVI դդ.: Լճաշենում պատրաստվել են ավելի քան 25 տեսակ բրոնզե առարկաներ, այդ թվում՝ զենքեր ու պաշտպանության միջոցներ (սրեր, դաշույններ, ծանր սակրեր, գուրզեր, նիզակներ, նետասլաքներ, լանջապանակ, վահան, սաղավարտ), կենցաղային իրեր և զարդեր (կաթսաներ, զարդարուն շերեփներ, բաժակներ և այլն): Լճաշենի բրոնզե առարկաների մեջ խիստ ուշագրավ և արժեքավոր են ցուլերի, եղջերուների, առյուծների, թռչունների արձանիկներն ու ոազմակաոքերի մոդելները, որոնց առանձին ձուլված մասերը միմյանց են միացվել գողմամբ: Լճաշենից հայտնաբերվել են նաև մաքուր անագից պատրաստված զարդերի 7 տեսակ: Լճաշենի տեղաբնիկները դեռևս մ.թ.ա. XVI դ. օգտագործել են Զոդի ոսկու հանքերի հումքը: Պատրաստվել են մոտ 25 տեսակի ոսկե զարդեր (զարդաքարերով ընդելուզված կախիկներ, կոճակներ, ոսկե գորտ, առյուծի բրոնզե (ոսկեպատ) գլուխ և այլն): Գտնվել են նաև արծաթե զարդեր: Մեծ քանակություն են կազմում ագատից, սարդիոնից, մածուկից ուլունքները:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *