Լճաշենը որպես բնակավայր սկզբնավորվել է մ. թ. ա. IV հազարամյակի վերջին, III հազարամյակի 2-րդ քառորդում վերածվել է ամրոցի, որի մնացորդները գտնվում են գյուղից մոտ 3 կմ հվ.: 3-4 մ հաստությամբ չոր լիցքով պարիսպները (կանգուն հատվածները հասնում են մինչև 7 մի) կառուցվել են բազալտի անմշակ ժայռաբեկորներով: Պարսպի շրջանակները, տարբեր ժամանակներում, 3 անգամ ընդարձակվել են: Ուրարտացիներն, ամրոցը գրավելուց հետո, հակառակորդի ուժերը ջլատելու նպատակով, պարսպի ներսում կառուցել են նոր ծուղակներ: Ամրոցը շրջապատված է նաև բնական ամրություններով (ձորակներ, քարափներ), ունի 3 շարք հաստ պարիսպներով շրջապատված միջնաբերդ, որ գրավում է 0,4 հա տարածք: Պահպանված են մեկ գլխավոր (լայն) և երկու նեղ (հետիոտնի համար) մուտքեր, երկու հզոր աշտարակ: Միջնաբերդում բացվել են 3 հնագույն (մ. թ. ա. II-I հազարամյակներ) և միջնադարյան շերտեր: Պարսպի ներսի կառույցներն ընդարձակ են՝ միջնորմով բաժանված 2-4 անհավասար մասերի, ծածկերը եղել են հարթ, շատ դեպքերում՝ երկթեք կամ գմբեթաձև՝ հենված 4 սյուների վրա: Մի շարք կացարաններում բացվել են պատերի մեջ դրված ծխնելույզներով օջախներ, ներսի պատերին կից՝ մոտ 15-20 սմ բարձրությամբ և 1,5 մ լայնությամբ քարե թախտեր: Պեղվել է նաև կանոնավոր սալահատակով և հատակի տակ անցկացված ջրատարով լողարան: Ամրոցն ունեցել է հրազարկ, որը միաժամանակ ծառայել է իբրև ապրանքափոխանակության շուկա: Գյուղից 3 կմ դեպի հվարլ. գտնվող բրոնզեդարյան դամբարանադաշտը Հայաստանում խոշորագույններից է և հայտնի է բրոնզեդարյան արվեստի առարկաների եզակի հավաքածուներով:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *