Սակավ հայտնի այս քարավանատունը գտնվում է Սելիմի լեռնանցքի հարավային սկզբում, հանրահայտ Սելիմի քարավանատնից 12 կմ. հեռավորության վրա, Լեռնանցք գյուղի ծայրամասում:  Քարավանատան կառուցման անհրաժեշտությունը Սելիմի քարավանատնից այդքան մոտ, բխել է Լեռնանցքի դժվարին պայմաններից, առանձնապես բուքի և մառախուղի դեպքում: Կառուցման ժամանակի վերաբերյալ որևէ վկայություն չկա: Պետք է ենթադրել, որ ժամանակակից է, Սելիմի քարավանատանը: Կառուցողական արվեստը միանգամայն հնարավոր է դարձնում հուշարձանի վերագրումը միջնադարին: Հուշարձանը հատկապես ներսից պահպանվել է անաղարտ վիճակում: Քարավանատան շենքը զգալի չափով թաղված ՝ հողի մեջ և նրա միայն ճակատն է ամբողջովին բաց: Սա միադահլիճմիանավ տիպի քարավանատուն է, առանց որևիցէ այլ սենյակի, բացի մեծ դահլիճից: Վերջինիս մակերեսը կազմում է մոտ 160 ք.մ. (ներքին չափերը՝ 20,8 x 7,8 մ): Այն ծածկված է գլանաձև թաղով, որի կոշտությունը ապահովում են թաղակիր վեց կամարներ: Սրանք սկսվում են համարյա հատակից: Կամարների հեռավորությունը միմյանցից 2,3-3,0 մ է, իսկ լայնությունը՝ 0,65մ, թաղածածկ դահլիճի բարձրությունը միջին մասում կազմում է մոտ 4,5 մետր: Դահլիճի երկայնական առանցքը ուղղված է հյուսիսհարավ: Մուտքը տեղավորված է հարավարևմտյան ճակատային պատի կենտրոնում և ունի 1,85 մ լայնություն: Այս ամբողջ պատը մուտքի հետ միասին վերակառուցված է: Դրա հետևանքով պատը զգալի չափով մոտեցված է այս կողմից թաղակիր կամարին (հեռավորությունը կազմում է ընդամենը 1,45 մետր): Այս մասի քանդված թաղածածկը փոխարինված է փայտե ծածկով, որը հենվում է փայտե սյուների վրա: Քարավանատան ներքին պատերը, կամարներն և թաղերը շարված են սրբատաշ բազալտ քարերից, իսկ արտաքին պատերը՝ անմշակ քարերից: Կտուրի սալածածկը չի պահպանվել և այժմ փոխարինված է հողով: Կառուցվածքի լուսավորությունը այստեղ էլ իրականացվել է ոչ թե պատուհանների, այլ թաղի գագաթին թողնված, իրենց չափերով տարբեր լուսամուտանցքերի՝ երդիկների միջոցով: Երկու երկայնական պատերի տակ ձգվում են մսուրներ, գետնից 0,70-0,75 մ. բարձրությամբ: Նրանցից դեպի կենտրոն հատակին տրված է թեքություն, որպեսզի անասունների կեղտաջուրը հոսեր այնտեղ: Լեռնանցքի քարավանատունը հանդիսանում է հետաքրքիր տարատեսակ, իր կոմպոզիցիայով պարզեցված մի կառուցվածք է, որը բնորոշվում է ներքին տարածության միասնականությամբ ու ամբողջականությամբ:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *