Նեոլիթէնեոլիթյան (մ. թ. ա. IV հազարամյակ) բնակատեղի ՀՀ Արարատի մարզում, Էջմիածնից 3 կմ հարավ, համանուն հանդամասում: Անվանումն ստացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Աշտարակեցու տնկած թեղիների անտառից (ոչնչացվել է 1915-16-ին): Հնավայրը հայտնաբերվել է հողային աշխատանքների ժամանակ, որոնց հետևանքով կառույցների մի մասն ավերվել է: Ունի մոտ 3 հա մակերես, անպարիսպ, բաց տիպի բնակատեղի է: Հիմնական կառույցներն են կլոր հատակագծով (տրամագիծը՝ մոտ 3,6 մ) աղյուսաշեն կամ կավաշեն բնակարաններն ու պահեստհորերը (վերջիններն առանձին խմբերով են): Բնակարանների մի մասը ներսից ներկված է օխրայով: Թեղուտում գտնված մկնդեղային բրոնզե առարկաները (երկու ասեղի բեկոր, դանակի շեղբ և շաղափ) պարունակում են նաև արծաթ, բիսմուտ, նիկել և Հայաստանի տարածքում գտնվածներից ամենահներն են: Գետաքարից (ծակոտկեն բազալտ) պատրաստված կացինները, աղորիքները (օվալաձև և անկանոն), սանդերը, սանդկոթերը, վանակատե և կայծաքարե գործիքները հաստատում են, որ տնտեսության մեջ հիմնականում գործածվել է քարը: Խեցեղենը (կարասներ, կճուճներ, թասեր, սաջեր) հիմնականում՝ կարմիր, մասամբ սև է, որոշ կավամաններ պատված են դեղին անգորի բարակ շերտով: Կավամանները գունազարդվել են վրձնով և քարե կոկիչով: Գտնվել են նաև արջ հիշեցնող կենդանու կավե արձանիկ, որը Հայաստանի տարածքում՝ IV հազարամյակի նյութերի մեջ եզակի է, ոսկրե առարկաներ (ծակիչներ, բրիչներ, հերուններ, դեղդիրներ): Թեղուտում հայտնաբերված միջագետքյան խեցեղենը հիմք է տալիս ենթադրելու, որ Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչները կապ են ունեցել Առաջավոր Ասիայի մշակութային կենտրոնների հետ: Թեղուտի հնագույն բնակիչներն զբաղվել են բրիչային երկրագործությամբ (գտնվել են ցորենի և գարու մնացորդներ), անասնապահությամբ, կաշեգործությամբ, ջուլհակությամբ և խեցեգործությամբ:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *