Եղիպատրուշ գյուղը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 27 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից 2000 մ, Ապարան քաղաքից մոտ 15 կմ հարավ, Ապարանի ջրամբարի հարավ-արևելյան մասում, Երևան-Ապարան խճուղուց դեպի աջ մոտ 10 կմ։ Տները քարաշեն են։ Խմելու ջուրը սառնորակ է, բերված մոտակա լեռան լանջից՝ 5 կմ հեռավորությունից։ Խորհրդային Միության տարիներին գյուղը անվանվել է Մռավյան՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության քարտուղար Ասքանազ Մռավյանի պատվին։ Եղիպատրուշ է վերանվանվել 1991 թ.: Բնակիչների նախնիների որոշ մասը գաղթել են Պարսկաստանից և Ալաշկերտից։ Գյուղը հազարամյակների պատմություն ունի: Գյուղի ձախակողմում գտնվող ձորակի երկու կողմերում, շինարարական աշխատանքներ կատարելիս, բացվել են Ք.ա. 3-2-րդ հազարամյակների դամբարաններ, գտնվել են այդ ժամանակահատվածի կավե ամաններ և զարդեր։ 4-5-րդ դարերում տարածաշրջանի տերերը՝ Գնթունիները այստեղ, ներկա գերեզմանոցի արևմտյան եզրին, կառուցել են մեծ բազիլիկ տիպի եկեղեցի, որի հյուսիսային պատի մի հատվածը պահպանվել է առ այսօր։ Եկեղեցու մոտ կան մի քանի 7-8-րդ դարերի խաչքարեր։ 696 թ. այս գյուղում է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Եսայի Ա Եղիպատրուշեցին (775-788 թթ.)։ Գյուղի անվան հիշատակությունն էլ վերաբերում է հենց այդ կաթողիկոսին և պատմագրության մեջ հիշվում է մինչև 1644 թ.։ Նրա ժամանակներում գյուղի կենտրոնական մասում կառուցվել է ընդարձակ պալատ, որի պատերից մեկի որոշ հատվածը ներկայումս գյուղացիներից մեկի պարսպի մաս է կազմում։ 13-րդ դարի սկզբներին այստեղ շինարարական գործունեություն են ծավալել տարածաշրջանի նոր տերերը՝ Վաչուտյանները։ Քուրդ Ա Վաչուտյանը և իր կին Դսեղի Գրիգոր Մամիկոնյան-Համազասպյանի դուստր Խորիշահ իշխանուհին կառուցել են Թորոս Թորամանյանի բնորոշմամբ ժամանակաշրջանի լավագույն կենտրոնագմբեթ կաթողիկե եկեղեցին և գավիթը։ Եկեղեցին և գավիթը մեր օրերն էին հասել կիսավեր վիճակում։ 1980-1988 թթ. Հուշարձանների պահպանության հայկական ընկերությունը ամբողջովին վերականգնեց կաթողիկե եկեղեցու փլված գմբեթը, ամբողջ պարագծով ամրացրեց գավթի պատերը, սակայն հետագա աշխատանքները՝ գավթի կտուրի վերականգնումը կիսատ մնաց անհրաժեշտ գումարների բացակայության պատճառով։ Ամենայն հավանականությամբ եկեղեցին կառուցել է Վաչուտյանների տոհմական ճարտարապետներից Մխիթարիչ Օշականցին։ Նա նույն տոհմի մեկ այլ ճարտարապետի՝ Տեղերը կառուցած Աղբայրիկի ժամանակակիցն է։ Միայն Տեղերի և Եղիպատրուշի եկեղեցիների գավիթների կտուրների վրա են զանգակատուն-եկեղեցիներ կառուցված (երրորդ հարկ)։ Ընդ որում, Տեղերում երրորդ հարկի զանգակատները կառուցվել են գավթի կտուրին շքադռան կողմից, իսկ Եղիպատրուշում՝ գավթի և կաթողիկե եկեղեցու միացման մասում, գավթի կտուրի երկու անկյուններում, կրկնահարկ ավանդատուն-խորանների վրա։ Կառուցողական այս նորույթը երկու եկեղեցիների համար մնացել է եզակի։ Միայն եկեղեցին կառուցող ճարտարապետին էր իրավունք վերապահվում եկեղեցու մոտ խաչքար կանգնեցնել։ Եկեղեցուց հարավ վեհորեն կանգնած են մոտ 3,5 մ բարձրությամբ երկու որմնափակ խաչքարեր։ Խաչքարերից յուրաքանչյուրի նախշերը տարբեր են, դրանց փոսիկները ներկված են եղել գորշ կարմիր գույնով։ Այժմ գույները խամրել են, և դրանց հետքն է միայն նախշափոսերի մեջ մնացել։ Որմնափակ խաչքարերի գլխամասային կապող քարի վրա փորագրված է. «զՄխիթարիչս Աւշականեցի որ ձեվայցուց յիշէ»։ «Ձևայցուց» բառը այստեղ գործածվել է նախագծող-ձևող-քանդակողի իմաստով։

Աղբյուրը՝ Ճանապարհորդ արշավախումբ

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *