Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքներից: Գտնվում էր Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում: Դվինի ավերակները (հողածածկ) տարածվում են Հայաստանի Արտաշատի շրջանի մի քանի գյուղերի սահմաններում (Վերին Դվին, Ներքին Դվին, Հողաբերդ, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Բզովան, Այգեստան), իսկ արվարձաններինը՝ ավելի հեռու (Կանաչուտ, Այգեզարդ): Դվինը հիմնադրվել է IV դ. 30-ական թթ.: Հայոց Խոսրով Կոտակ թագավորը (332-338), Արտաշատի անբարենպաստ կլիմայի պատճառով, Դվին բլրի վրա կառուցել է ապարանքներ, արքունիքը տեղափոխել այնտեղ և դրա մերձակայքում անտառներ տնկել: Արտաշատի բնակիչները, հետևելով թագավորին, հետզհետե տեղափոխվել են Դվին: Արշակունիների անկումից հետո Դվինը շարունակել է մեծանալ և 428թ-ից դարձել է Մարզպանական Հայաստանի կենտրոնը: 450թ-ին, հայերին ձուլելու նպատակով, բերդապահ պարսիկ Վնդոն Դվինում հիմնել է զրադաշտական ատրուշան, ավագ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը զորքով մտել է քաղաք, վերահաստատել քրիստոնեությունը: Հայաստանի նկատմամբ պարսիկների ու բյուզանդացիների կրոնադավանափոխական նկրտումները ձախողելու նպատակով հայ նախարարները Գյուտ Աբահեզացի կաթողիկոսին (461—478) հորդորել են կաթողիկոսական աթոռը Էջմիածնից տեղափոխել Դվին: Դրա համար քաղաքի կենտրոնական թաղում, եռանավ եկեղեցու մոտ, կառուցվել են վեհարան, պաշտոնատներ, բարձրագույն դպրանոց և այլ շենքեր: Դվինում գումարվել են եկեղեցական ժողովներ: Մարզպանության շրջանում Դվինում զարգացել են արհեստներն ու առևտուրը: Արհեստավորները համախմբվեւ են արհեստակցական կազմակերպություններում, զբաղեցրել առանձին թաղեր ու շարքեր: Դվինը առևտուր էր անում կովկասյան, Փոքրասիական, Հարավային Ասիայի, Հարավային Ռուսաստանի, Հարավային Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի, Բյուզանդիայի, Միջագետքի, միջինասիական և այլ երկրների հետ: Սերտ կապերի մեջ էր հատկապես Վրաստանի հետ, որի համար էլ քաղաքի դռներից մեկը կոչվել է Տփխիս: Սակայն տնտեսական զարգացմանը խաթարել են արաբական արշավանքները, քաղաքն ավերվել է, բնակիչները՝ հեռացել: VII դ. վերջից, երբ Դվինը դարձել է խալիֆայության Արմինիա վարչական միավորի կենտրոն, արաբական հարկային ծանր քաղաքականության պատճառով ավելի է վատթարացել դրությունը: Դվինից և մերձակայքից հեռացած հայերի տեղերը զբաղեցրել են մահմեդական ցեղերը, թուլացել են արհեստներն ու առևտուրը: Բագրատունիների իշխանության հաստատումից (862), ապա և Հայաստանի անկախության վերահաստատումից (885) հետո Դվինը նորից տնտեսական մեծ վերելք ապրեց: Արաբ մատենագիրների վկայությամբ, Դվինում արտադրվել և օտար երկրներ են արտահանվել բրդյա ու մետաքսյա գործվածքներ, հայկական բանվածքներ, ծածկոցներ, բազմոցներ, գեղեցիկ ու թանկարժեք գորգեր, հախճապակյա առարկաներ, որդան կարմիր, որոնց պահանջարկը շատ մեծ էր օտար երկրներում: Սակայն XI դ. վերջին և XII դ. սկզրին Դվինը հետզհետե կորցրել է իր դերը, որին նպաստել են Դվինի արհեստավորների ու վաճառականների Անի տեղափոխվելը, ինչպես և օտար ցեղերի ու հարևան իշխանությունների հաճախակի ասպատակություններն ու ավերումները: Քաղաքը վերջնականապես կործանվեւ է Ջալալ էդ Դինի արշավանքների հետեվանքով (1225), իսկ մոնղոլ-թաթարների 1236թ-ի արշավանքից հետո Դվինի տարածքում առաջացել են մի քանի գյուղեր: Դվինում, բացի հայերից, առանձին թաղերում բնակվել են նաև պարսիկներ, ասորիներ, հույներ, արաբներ: Սակայն հայերը մշտապես կազմել են մեծամասնությունը: Ըստ արաբ մատենագիրների՝ Դվինի բնակիչները միմյանց հետ խոսել են հայերեն: Դվինն իր ծաղկուն շրշանում ունեցել է 100 հազարից ավելի բնակչություն: Դվինում պեղվել են միջնաբերդի քաղաքային շրջանի երեք շերտերը և նախաքաղաքային շրջանի հնագույն բնակավայրի մնացորդները, գրեթե ամբողջությամբ՝ կենտրոնական թաղը, որտեղ եղել է Հայոց կաթողիկոսարանն իր երկու եկեղեցով, վեհարանով և օժանդակ շինություններով: Քաղաքի հարավային թաղերից մեկում բացվել է միջազգային առևտրի կենտրոնական վաճառանոցը: Քաղաքի տարբեր մասերում բրուտի արհեստանոցից գտնվել են խոտանված առարկաների մեծ կույտեր, հեթանոսական դամբարանադաշտ՝ քարե արձանների ու քանդակների բեկորներով: Բլրի վրա և դրա լանջերին կառուցված անառիկ միջնաբերդի գագաթի հարթակին եղել է հայ Արշակունի թագավորների պալատը, որտեղ նրանց անկումից հետո բնակվել են մարզպանները և ոստիկանները, իսկ ստորին հարթակի բերդում՝ պալատական բարձր պաշտոնյաները: Ստորին հարթակն ունեցել է նաև զինավարժությունների ու մրցումների ընդարձակ հրապարակ: Միջնաբերդն ամբողջությամբ շրջափակված է եղել արտաքին կողմից ջրափոսով պաշտպանված հաստահեղույս կրկնակի պարսպով: Ջուրը լցվել է Ազատ գետից՝ արհեստական հունի միջոցով: Բերդը քաղաքի հետ կապված է եղել ջրափոսի վրայով անցնող միաթռիչք և երկթռիչք կամարավոր կամուրջներով, որոնցից երկուսի մնացորդները պահպանվել են բերդի արևելյան և հարավային կողմերում: Դվինն ունեցել է նաև իր մատույցները պաշտպանող ամրոցներ (Տիկնունի): Քաղաքի մեծ մասը նույնպես պարսպապատ է եղել: Դվինում եղել են գեղեցիկ, քարաշեն շենքեր: Պահպանվել են Արշակունի թագավորների պալատի (IV դ.) արքայական գահասրահի ավերակները: Սրահն իր չորս զույգ սյուներով բաժանվել է արլ-ից արմ. ձգված երեք նավերի, որոնցից կենտրոնականը եզրայինների կրկնակի լայնքն է ունեցել: Գրեթե նույն չափերն ու կառուցվածքն է ունեցել V դ. 2-րդ կեսին կառուցված կաթողիկոսի պալատական դահլիճը, ուր իրենց տեղերում պահպանվել են սյուների խարիսխներն ու արմավենագարդ խոյակներից մեկը: Դվինի ճարտարապետական գլուխգործոցը եղել է հեթանոսական տաճարի տեղում IV դ. սկզբին կառուցված մայր տաճարը, որը VII դ. սկզբին ձևափոխվել ու վերածվել է կողմնային աբսիդներով կենտրոնագմբեթ եկեղեցու և ավերվել XIII դ. կեսերին: Կենտրոնական թաղում եղել են նաև փոքր միանավ տաճար և կաթողիկոսարանին պատկանող մոնումենտալ այլ շենքեր (հավանաբար՝ թանգարան, մատենադարան, ճեմարան, դիվանատուն, գանձատուն են), որոնց ավերակներն այժմ դժվար է իրարից տարբերել: Դվինի ճարտարապետական նշանավոր կառույցներից է եղել գլխավոր շուկան՝ ներքին երեք փողոցներով և վեց շարք իջևան-խանութներով: Այն կառուցվել է քար ու կրով, դեոևս V դ. զարդարվել բազմաթիվ սյունաշարերով: Ավերվել է 893թ-ի երկրաշարժից, ապա վերակառուցվել թրծած քառակուսի աղյուսներով ե որպես միջազգային վաճառատուն պահպանվել մինչև Դվինի կործանումը: Առավել հզոր կառույց է եղել միջնաբերդը՝ չորս հսկայական աշտարակներով, գեղեցիկ դոներով և բազմաթիվ բուրգերով, որոնք միմյանց հետ կապված են եղել երկշար պարսպապատով: Քաղաքի բոլոր թաղերին շրջակայքի լեռներից կավե խողովակներով խմելու ջուր է մատակարարվել: Միահարկ և այլ շինություններով շրշափակված բնակելի տներն ունեցել են բրգաձև երդիկներ, իսկ երկհարկանիների ստորին հարկերը լուսավորվել են պատերի մեջ բացված լուսամուտներից: Հատակներն սկզբում եղել են կրաշաղախ կամ սալածածկ, IX դարից ծածկվել են թրծած աղյուսներով: Տների մեջ փորվել են հորեր (մի մասը սենյակների կենտրոնում)՝ խոնավությունը ներծծելու կամ իբրև սառնարան՝ խմելու ջուր և մթերք պահելու համար: Եղել են նաև նեղ անցքով, խորքում լայնացող հորեր՝ վիշապներ, որոնք ծառայել են որպես իրերի թաքստոցներ կամ զնդաններ: Պեղումների ժամանակ ի հայտ եկած խարամի զանգվածները ցույց են տայիս, որ Դվինում եղել է երկաթի ձուլարան: Պատրաստել են զենքեր (նետասլաքներ, նիզակներ, տեգեր, դաշույններ, սրեր), մեծ թվով տնտեսական և շինարարական երկաթե իրեր (շղթաներ, ուրագներ, կացիններ, մկրատներ, բաղնիքի ջրատար խողովակներ): Դվինում զարգացած արհեստներից էր պղնձագործությունը: Գտնվել են մեծ ու փոքր կաթսաներ, սափորներ, թասեր, ձիթաճրագներ, գարդագամեր (գրեթե բոլորն էլ՝ փորագիր նախշերով, կենդանակերպ ոտներով ու բռնակներով), զարդեր(ապարանջաններ, ուլունքներ): Խիստ զարգացած էին ոսկերչությունն ու արծաթագործությունը: Գտնվել են ոսկե շղթայաձև մանյակներ, օձագլուխ ապարանջաններ, կրծքախաչեր, արծաթյա գոտիներ, սափորներ, գդալ, մատանիներ, ականշօղեր: Արծաթե իրերի մեծ մասը արտահանվել է: Օգտագործվել են քարի շատ տեսակներ, տեղական ավազաքար, շրջակա վայրերից բերված տուֆ, որձաքար, մարմար, գետաքար, չեչաքար, ջրաղացաքար: Որձաքարից շինել են սանդեր, երկանքներ, ռմբաքար: Դվինից օտար երկրներ է արտահանվել կարծր քարի մի տեսակ, որով փորագրություններ են կատարել կնքաքարերի (գեմմաներ) վրա: Գտնվել են նաև ոսկրից պատրաստված իրեր՝ սրինգ, նարդու քարեր, կահույքի բռնակներ: Դվինում բարձր մակարդակի է հասել կավագործությունը: Կավից պատրաստել են տնային գործածության անոթներ: Գտնվել են բազմաթիվ մեծ ու փոքր կարասներ, հաճախ՝ կարմրաներկ արտաքինով ու զարդագոտիներով, երբեմն՝ հայերեն փոքրիկ արձանագրություններով: Մեծ կարասների տարողությունը հասնում է մինչև 1000 լ: Տարածված են եղել ջնարակած կավանոթները (քրեղաններ, ափսեներ, գավեր, սկահակներ): Հախճապակե իրերը, որոնց արտադրությունը Դվինում առավել զարգացել է IX- XIII դդ. համարվել են աշխարհում լավագույններից: Նույն ժամանակ մեծ զարգացում է ապրել նաև ապակեգործությունը: Պատրաստվել են սրվակներ, շշեր, սափորներ, թասեր, գավաթներ, տափաշշեր, պնակներ, զարդեր, ալքիմիկոսների փորձանոթներ, լուսամուտի հարթ ապակիներ: Հաճախ գունավորել են ապակին, երբեմն ավելացրել վերադիր զարդարանքներ ու փորագրել: Սկսած հնագույն ժամանակներից Դվինում զարգացած է եղել քանդակագործությունը: Քանդակազարդվել են բնակելի տների մուտքերի ճակատները, շքամոււռքերը, պատերի ակնառու մասերը, V—VII դդ. մենասյուները, որոնք ծառայել են իբրև գերեզմանական կոթողներ: Սրանց խոյակների վրա քանդակվել են Տիրամայրը, սրբեր, այգեկութի, որսի տեսարաններ: Այդ քանդակներից շատերը հայկական արվեստի գլուխգործոցներ են:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *