մ.թ.ա. 2-1 հզ, գ. Փարպի

Բրոնզի և վաղ երկաթի դարերի (մ. թ. ա. XXIII—X դդ.) դամբարանադաշտ (մոտ 100 հա) Հայաստանում, Աշտարակից 3 կմ արմ., Արագածի հվ. ստորոտում: Բազմաթիվ դամբարաններ ավերվել են հողամշակման և շինարարարական աշխատանքների հետևանքով: Ներկայումս տեղանքի բարձրադիր վայրերում առանձին խմբերով պահպանվել են ավելի քան 300 դամբարանաբլուր, որոնցում բացվել են գետնափոր դամբարանախցեր (ծածկված են 2-5 տուֆե խոշոր սալաքարերով) և դրանք օղակող քարաշեն կրոմլեխներ: Միջին բրոնզի դարաշրջանի դամբարաններից հայտնաբերվել են գունազարդ, դարչնագույն և սև փայլեցված խեցանոթներ, բրոնզե զենքեր, պղնձե ե բրոնզե զարդարանքի առարկաներ, ապակուց, հախճապակուց, գիշերասաթից, սարդիոնից, ծովային խխունջներից պատրաստված ուլունքներ ևն: Թաղումները հիմնականում անհատական են: Տոհմային համայնքում դեռևս չէր խորացել գույքային շերտավորումը: Ուշ բրոնզի դարաշրջանի դամբարաններից հայտնաբերվել են գորշ և սև փայլեցված զանազան խեցանոթներ (սափոր, թաս, կարաս, կճուճ, աղաման ևն), բրոնզե զենքեր, զարդեր, գործիքներ, արձանիկներ, ձիու սանձ, սարդիոնե, ապակե և հախճապակե ուլունքներ, – վանակատե նետասլաքներ: Սև փայլեցված անոթները զարդարված են խորաքանդակ և հարթաքանդակ գոտիներով: Առանձնապես շքեղ են պաշտամունքային անոթները (երկփող գավաթներ, հնգափող սափորներ, խորանարդաձև շարժական սրբարան ևն): Արվեստի վայելչագեղ նմուշներ են արծվի և աղավնու բրոնզե արձանիկները, որոնք խարսխաձև պատվանդանի վրա պտտվում են առանցքի շուրջ: Հայտնաբերվել են նաև ընտանի և վայրի կենդանիների (ցուլ, կով, ոչխար, ձի, մուֆլոն, այծ, վայրի էշ, նապաստակ, եղնիկ, ազնիվ եղջերու, ուղտ, այծյամ, վարազ, առյուծ, կզաքիս, աղվես ևն), զանագան թռչունների ոսկորներ: Ուշ բրոնզի դարի թաղումներն ուղեկցվել են նաև մարդկային զոհաբերություններով: Հարուստ դամբարաններում հավանաբար դիակիզելթաղել են քուրմ ցեղապետներին:  Մի շարք գտածոներ (բրոնզե արձանիկներ, խեցանոթներ ևն) նման են Սևանա լճի ավազանի նույն ժամանակաշրջանի հուշարձաններից (Լճաշեն) հայտնաբերված նույնատիպ իրերին: Վաղ երկաթի դարի (մ. թ. ա. XI—X դդ.) դամբարաններից գտնվել են սև փայլեցված, ուղղահայաց ակոսներով զարդարված խեցանոթներ, սարդիոնից ու հախճապակուց ուլունքներ ևն: Դամբարանադաշտի տարածքում հայտնաբերվել են նաև վաղ միջնադարյան երկու քառակող տուֆե կոթողներ (ենթադրվում է, որ դրանք Աշտարակ, Օշական ե Փարպի գյուղերի հողատարածությունները նշող, սահմանաքարեր են):

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *