Գետկավանք կամ Հին Գետիկ վանական համալիրը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղից 4 կմ հեռավորության վրա, Գետիկ գետի ձախ ափին: 9-12-րդ դարերում կառուցված Հյուսիսային Հայաստանի հոգևոր մշակութային նշանավոր այս կենտրոնում կարևոր դեր է ունեցել Մխիթար Գոշը: Երկրաշարժից Գետկավանքի կործանվելուց հետո Մխիթար Գոշը դիմել է Զաքարե և Իվանե իշխաններին` խնդրելով նոր տեղ վանքի կառուցման համար, քանի որ հինը վերականգնելն անհնար էր: Զաքարյան իշխանները հատկացրել են Տանձոտի ձորը, ուր կառուցվել է Նոր Գետիկը: Հուշարձանախումբը, որ վարդագույն քարից կառուցված լինելու համար հայտնի է եղել Կարմիր եղցի անունով, բաղկացած է եկեղեցիներից, ժամատնից, միաբանության շենքերից և այլ կառույցներից: Համալիրում հնագույն շինությունը խաչաձև հատակագծով, չորս ավանդատներով, կոպտատաշ քարով շարված գրեթե կանգուն եկեղեցին է (9-10-րդ դդ.): 12-րդ դարում կառուցված գլխավոր եկեղեցին երկաստիճան գետնախարիսխի վրա հաստատված, չորս անկյուններում կրկնահատակ ավանդատներով գմբեթասրահ է (12X17 մ)` երեսպատված բազմագույն սրբատաշ քարերով: Հյուսիսային ճակատը մշակված է հովհարաձև ավարտով պսակված եռանկյունաձև երկու խորշով, որոնց միջև բացվող մուտքը կենտրոնից քիչ արևմուտք է երիզված երկրաչափական նախշերով քանդակազարդ շրջանակով: Արտակարգ շքեղությամբ առավել ուշագրավ է եկեղեցու արևմտյան մուտքը, որի միակտուր քարից կողերի և դրանց հաջորդող դեկորատիվ զույգ որմնասյուների միջև որմի մակերեսը մշակված է շեղանկյուն քարե սալիկներով: Եկեղեցուն արևմուտքից կից է կոպտատաշ քարից մի շինություն, հավանաբար` ժամատուն: Հայտնաբերվել են եկեղեցու արտաքին և ներքին հարդարանքի բազմաթիվ բեկորներ, շինարարական և նվիրատվական արձանագրությունների մասեր, 9-13-րդ դարերի գեղաքանդակ խաչքարեր: Եկեղեցու մի քանի քարերի վրա փորագրված է քարգործ վարպետի անվան Խ սկզբնատառը: Հին Գետիկի ճարտարապետն է Հովասափը:

Աղբյորը՝ Ճանապարհորդ աչշավախումբ

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *