Քարայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից մոտ 3,5 կմ հյուսիսարևելք, Քասաղի կիրճի ձախ ափին, Արայի լեռան արևելյան ստորոտում: Բնական անձավ է գոյացած Քասաղի կիրճի անդեզիտաբազալտների լավայի մեջ մեխանիկական հողմնահարման հետևանքով, լավայի և կարմիր տուֆիտի ոչ հզոր շերտի հպման տեղում: Քարանձավի դեպի արևմուտք նայող կամարաձև մուտքի բացվածքն է 12 մ, բարձրությունը 3 մ: Սրահատիպ անձավ է` 8 մ խորությամբ, կիսաշրջան հատակագծով, որի խորքում բխում է բնական, ոչ հզոր աղբյուր: Կամարաձև, խորդուբորդ մակերևույթ ունեցող առաստաղը մասամբ փլուզված է: Ներսը չոր է ու լուսավոր: Պեղումներից բացվել են բազմաթիվ են բացառապես միջնադարյան, գերազանցապես ուշ միջնադարյան խեցեղեն բեկորները և հանդիպում են վանակատե ցլեփների եզակի բեկորներ: 0,8 մ խորության վրա բացվեց մայր հողը: Ուսումնասիրված հատվածում մշակութային շերտ չի հայտնաբերվել: «Կարմիր քարանձավը», լինելով Արայի լեռան արևմտյան ստորոտի այս հատվածի խմելու ջրի միակ աղբյուրը, ըստ ամենայնի, ժամանակին եղել է շատ ավելի ջրառատ, քանի որ նրանով էր պայմանավորված Համամլու գյուղատեղիի գոյությունը: Հետաքրքրություն են ներկայացնում գյուղատեղիի տարածքից և քարայրի շրջակայքից հավաքված վանակատե խիստ հողմնահարված, մի քանի տասնյակից ավելի առարկաները, որոնց մշակութային կոնտեքստը մնում է չբացահայտված: Ժայռանկարները, թվով 112 պատկեր, զետեղված են քարայրի ինտերիեռային և էքստերիեռային, ինչպես նաև, հատակին ընկած բազալտե ողորկ ֆակտուրա ունեցող ժայռաբեկորների վրա: Բացի ժայռանկարներից այստեղ հայտնաբերվել են նաև արաբատառ 2 արձանագրություն: Պատկերներն արված են օխրայով, որի պահպանվածության, որակային (խտության) և գունային (բաց վարդագույնից մինչև մուգ կարմիր) տարբերությունները փաստում են այն մասին, որ տուֆիտը, որը քարայրի մորֆոլոգիական մասն է կազմում, օգտագործվել է և՛ մաքուր վիճակում, և՛ խառնուրդների տեսքով: Կատարման տեխնիկական առանձնահատկությունները ցույց են տալիս, որ ժայռանկարները պատկերվել են մատով և անմիջապես տուֆիտի կտորներով:    Գեղամավանի ժայռանկարները աչքի են ընկնում իրենց թեմատիկայի բազմազանությամբ, որոնք միաֆիգուր կենդանիների պատկերներից հասնում են մինչև բազմաֆիգուր բարդ կոմպոզիցիոն լուծումների: Հիմնականում գերակշռում են կենդանիների ֆիգուրները (43%), մնացածը տեղաբաշխված են հետևյալ հարաբերությամբ. անտրոպոմորֆ ` (28%), նշանային պատկերներ`(24%) և անորոշ գծեր՝ (5%):  Կենդանիների պրոֆիլային պատկերները քարայրի մնացած ժայռանկարներից տարբերվում են իրենց անատոմիական համաչափությունների ծավալային մանրակրկիտ մշակմամբ: Օժտված լինելով ռեալիստական գծերով ֆիգուրները բավականին ստատիկ են և աչքի են ընկնում համեմատաբար մեծ չափերով (56/50 սմ): Այս խմբում հանդիպում է նաև «պտտվող հեռանկարի» լուծումը (գլուխը պրոֆիլային, եղջյուրները` ֆրոնտալ), որը հայտնի է դեռ ժայռարվեստի վաղ էտապներից: Երկրորդ խմբում ներկայացված են համեմատաբար ավելի փոքր չափերի (5/9 սմ) սխեմատիկ պատկերներ, որոնք ունեն կոնտուրային, գծային և ամբողջ մակերեսով ներկված կատարում: Ի տարբերություն նախորդ խմբի մեկուսացվածության և ստատիկ ձևին, այս խմբում տեսանելի են սխեմատիկ և ոճավորված պատկերների ու կոմպոզիցիայի կառուցման տարբեր լուծումներ (որսի տեսարան, զինված մարդիկ, ձիավորներ): Այստեղ արդեն ակնհայտ են շարժումը և ֆիգուրները հարթության մեջ համապատասխան բաշխելու երկչափ հարթության մեջ տարածությունն ընկալելու փորձերը: Նմանատիպ ոճային և կոմպոզիցիոն կառուցվածք ունեցող ժայռապատկերներ կարելի է հանդիպել Սյունիքում և Գեղամա լեռներում (վերջիններս թվագրվում են Ք.ա. IV-I հազարամյակով): Երրորդ խումբը ժամանակագրական առումով ըդգրկում է XX դարի 30-80-ական թվականներից մինչև մեր օրերը: Ուշագրավ են նաև երկու արաբատաո արձանագրությունները, որոնց նախնական ուսումնասիրությունը պարզեց, որ դրանք գրված են արաբատաո պարսկերենով և հստակ թվագրվում են 1680 թվականով: Առաջին խմբի նկարները թվագրվում են Ք.ա. X-VIII հազարամյակներով: Երկրորդ խմբի վերը նշված պատկերները իրենց որոշ մերձավորարևելյան զուգահեռներով կարելի է դիտարկել Ք.ա. II-VI հազարամյակների շրջանակներում (նեոլիթ): Ւնչպես արդեն նշել ենք երկրորդ խմբի մնացած պատկերներն իրենց կայուն զուգահեռներն ունեն Սյունիքի և Գեղամա լեռների ժայռապատկերներում (Ք.ա. IV-I հազարամյակներ), սակայն, չի բացառվում, որ դրանց մի մասը (ոճավորված այծեր, խաչ) նկարված լինեն միջնադարում:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *