ՀՍՍՀ Ժողովրդական կոմիտեի որոշմամբ 1921թ.  օգոստոսի 16-ին հիմնվել է «Առաջին պետթատրոնը»,  որը պաշտոնապես բացվել է 1922թ. հունվարի 25-ին`  Գ. Սունդուկյանի «Պեպո» պիեսի բեմադրությամբ (գեղ. ղեկ.` Լ. Քալանթար)։ Թատրոնի ստեղծագործական կազմի հիմքը Թիֆլիսի Ստ.  Շահումյանի անվան «Որոնումների թատրոնն» էր, որը 1921թ. երևանյան հյուրախաղերի ընթացքում արժանացած բուռն ընդունելությունից հետո հրավիրվել է աշխատելու նորաստեղծ Խորհրդային Հայաստանի առաջին պետթատրոնում։ Առաջին թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել ռեժիսոր Լ.  Քալանթարը։ Թատրոնը սկզբնական շրջանում մինչև 1938թ գործել է Ստ. Շահումյան փողոց 4 հասցեում, այժմ` Վ. Սարգսյան 7 (ներկայիս «Արմենիա» հյուրանոցի և Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տեղում)։ 1966թ. տեղափոխվել է ներկայիս Անգլիական այգու տարածք:  Թատրոնի շենքի հատակագծային լուծումն ասիմետրիկ է։ Կենտրոնական դիրք է գրավում 1150 տեղանոց սեղանաձև հանդիսասրահը, որն ունի սահուն անցումներով ամֆիթատրոնի փոխանցվող պարտեր և կողային երկհարկ օթյակներ։ Ճեմասրահի երկայնական պատը ձևավորված է Մ. Սարյանի «Մայր Հայաստան» պաննոյի հիման վրա։ Շքամուտքը զարդարված է հայկական ազգային թատրոնի սկզբնավորումն ու վերածնունդը պատկերող բարձրաքանդակներով, որոնք կերտված են կարմիր տուֆով և օրգանապես կապվում ու լրացնում են կառույցի ընդհանուր հորինվածքը (ճարտարապետներ` Լ. Ալավերդյան, Ս. Բուրխաջյան, Գ. Մնացականյան)։

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *