Արուճի (Թալիշի) քարավանատունը նույնպես պատկանում է քիչ հետազոտված հուշարձանների թվին:  Կառուցվածքի աննշան մնացորդները պահպանվել են ԹալիշԹալին խճուղու կողքին, Արուճի տաճարից ոչ հեռու: Քարավանատնից պահպանվել է միայն հյուսիսարևելյան անկյունը, որը ներկայացնում է կողքի նավի մի մասը արտաքին պատերի հետ կամարներով միացած երեք մույթերով: Որոշ չափով պահպանվել են նաև մյուս պատերի և մույթերի հիմքերը: Այս քարավանատունը միադահլիճեռանավ շենքերի տիպին է պատկանում: Նրա երկայնական առանցքը համեմատաբար զուգահեռ էր կողքով անցնող ճանապարհին և ուղղված՝ հարավից հյուսիսի, 30 աստիճան բեկմամբ դեպի արևելք: Միջին նավի լայնությունը կազմում է 6,0 մ. իսկ կողքի նավերինը՝ 3,6 մ.: Ծածկի ծանրությունը իրենց վրա կրող հենակները կամ մույթերը դասավորված են միմյանցից 2,83,0 մ. հեռավորությամբ: Արևելյան շարքում պահպանված են 3 հենակներ, որոնք միմյանց հետ միացված են կամարներով, իսկ արևմտյան շարքում՝ միայն երեք հենակների հիմքերը: Քարավանատան բոլոր պատերի հիմքերը, բացառությամբ հարավայինի, պահպանված են: Քարավանատան ներքին լայնությունը կազմում է 15,0 մ: Երկայնական ուղղությամբ դահլիճում տեղադրված էին 6-ական մույթեր: Արտաքին պատերից իր լրիվ բարձրությամբ պահպանվել է արևելյան պատի հյուսիսային սկիզբը, որի հյուսիսարևելյան անկյունում և մոտավորապես երկայնքի մեջտեղում գտնվում են երկու կիսաշրջան բուրգեր: Պահպանվել է նաև հյուսիսային պատի ստորին մասը: Արևմտյան պատից (որն ունեցել է նույնպիսի բուրգեր, ինչպիսին արևելյան պատը) պահպանվել են միայն աննշան մնացորդներ: Քարավանատան մուտքը ամենայն հավանականությամբ եղել է հարավային կողմից: Թվում է թե հարավային կողմում բացված մի պատի մեջտեղում եղած անկյունաքարը պատկանում էր հենց դռան անկյանը: Դատելով հյուսիսային պատի մնացորդներից, ներսի կողմից լայնական պատերն ունեին մույթերի քայլին համապատասխանող որմնամույթեր: Երկայնական պատերի վրա դրանց դերը կատարում էին պահունակներ, որոնց վրա նստում էին թաղակիր կամարները: Միջին նավի թաղակիր կամարների համար ևս գոյություն ունեին նույնպիսի պահունակներ, որոնք ագուցված էին երկայնական կամարների արանքում մույթերից քիչ բարձր: Այդ պահունակներից մի քանիսը պահպանված են տեղում: Եռանավ դահլիճի ծածկը կազմող երեք գլանաձև թաղերը տեղավորված էին ընդհանուր երկթեք կտուրի տակ: Քարավանատան անկյուններում և երկայնքի պատերի մեջտեղում գտնվող, հատակագծում կիսաշրջան բուրգերը ողջ կառուցվածքին հաղորդում էին ամրոցի տեսք: Այդպիսի ճարտարապետական լուծումը  անտարակույս թելադրվում էր կառուցվածքին անառիկ հատկանիշներ հաղորդելու ձգտումով, քանի որ քարավանատանը ժամանակավոր հանգրվան էին գտնում հարուստ քարավանները:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *