Արուճի տաճարը (Ս. Գրիգոր եկեղեցի) հայկական ճարտարապետության նշանավոր կոթողներից է: Շինարարական արձանագրության և մատենագրական վկայությունների համաձայն կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը VII դ. 60-ական թթ.: Գմբեթավոր դահլիճը հորինվածքի հայկական խոշոր հուշարձան է: Աչքի է ընկնում հանդիսավոր, ամբողջական ներքին տարածությամբ՝ պսակված որմնամույթերին ու առագաստներին հենվող գմբեթով (չի պահպանվել): Մուտքերը հարավային և հյուսիսային կողմերից են: Արևելյան ճակատը ջլատում են երկու խոր, կտրվածքում եռանկյունաձև խորշեր: Քիվերի զարդաքանդակը, ինչպես Զվարթնոցում, հյուսածո է: Տաճարը ներսից սվաղված է և պատած VII դ. որմնանկարներով (այժմ՝ խիստ վնասված), որոնք ներկայացնում են Համբարձման տեսարանը: Ավագ խորանի գմբեթարդում, մոտ 7 մ բարձրությամբ, պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար: Պատվանդանը երկու մասի է բաժանում ականթի թփերից, վարդյակներից, պտուղներից (խաղող, նուռ և այլն) միահյուսված՝ մոտ 1 մ լայնությամբ զարդագոտին, որ բոլորապատում է աբսիդը: Պատվանդանի տակ գրված է նկարչի անունը՝ Ստեփանոս: Ներքևում, հս. կողմում, պատի վրա պատկերված են գրքերը ձեռքերին վեց առաքյալներ, մյուս վեցը, հավանաբար, պետք է որ տեղադրված լինեին աբսիդի հակառակ կողմում: Մատենագրական աղբյուրներում հիշատակված պալատը, որ նույնպես կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը տաճարի հվարլ. կողմում, բացվել է 1948—51-ի պեղումների ժամանակ: Վաղ միջնադարի աշխարհիկ ճարտարապետության այս հուշարձանախումբը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը սյունազարդ է և իր հատակագծով ու մանրամասներով (սյուներ, խարիսխներ, խոյակներ) նման է Դվինի կաթողիկոսարանին: Երկրորդ շենքը գտնվում է աոաջինից արևելք:

Արուճում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIII դ.) և այլ հուշարձանների մնացորդներ:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *