Վայոց Ձորից դեպի Նախճավան գնացող հին մայրուղին անցնում էր Արփայի հովտի աջափնյա սարահարթներով, այդտեղ գտնվող քարավանատան մոտով (որի ավերակները պահպանվել են Աղավնաձոր գյուղից ոչ հեռու) և այնուհետև իջնում Արփա գետի հովիտը: Այստեղ ճանապարհը Արենի (Արփա) գյուղից քիչ վերև կամրջով անցնում էր գետի ձախ ափը և շարունակում մինչև Շարուրի դաշտավայրը: Այն հանգամանքը, որ այս ճանապարհը գոյություն է ունեցել շատ հնուց, կարծել է տալիս, որ հիշյալ տեղում կամուրջը կարող էր գոյություն ունենալ նույն ժամանակներից, որը սակայն իր գոյության ընթացքում ենթարկվում էր վերանորոգումների կամ փոխարինվում նոր կառուցվածքով: Այդպիսի ենթադրությունը որոշ չափով հիմնավորվում է պատմա-հնագիտական նյութերով: Ներկայումս տեղում պահպանվել են միջնադարյան կամուրջի մնացորդները՝ հենարանների բետոնյա անձև զանգվածների ձևով: Բայց, ինչպես նշվեց վերևում, այստեղ գտնվել են նաև մնացորդներ և իրեր, որոնք կարող էին վերաբերվել ավելի հին կամրջին: Տեղացիները պատմում էին, որ երկաթի ձողերով իրար էին ամրացված կանոնավոր ձևի բազալտյա մեծ քարեր, որոնք գտնվեցին գետնի մեջ, բավականաչափ խոր տեղում, ինչը բնորոշ էր անտիկ շինարարական տեխնիկային:  Այնպիսի տեղերում, որտեղ ստորերկրյա ջրերը խոչընդոտ կարող էին հանդիսանալ կրաշաղախի օգտագործմանը, քարերի միացումը երկաթե կապերով թվում է միանգամայն բանական: Արփա գետի աջ ափին գտնվող մնացորդները վերաբերում են միջնադարյան կամրջին, որը համաձայն Ստեփանոս Օրբելյանի վկայության, կառուցվել է Նորավանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսի (1265-1287թթ.) կողմից, Տարսաիճ Օրբելյան իշխանի կարգադրությամբ: Դատելով տեղանքից և մնացորդներից, կամուրջը միջնադարյան Հայաստանի ամենամեծ և հավանաբար չորս աչք ինժեներական կառուցվածքներից էր:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *