Արայի գյուղից հարավ, նրանից մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորությամբ, ոչ բարձր բլրի վրա պահպանվել են մի շենքի ավերակներ: Տեղացիները այս շենքը անվանում են «խան» (այսինքն իջևան, խանապար): Ներկայումս շենքն այնքան է ավերվել, որ նույնիսկ դժվար է նրա հատակագիծը չափագրել: 1840-ական թվականներին, այստեղ՝ ավերակների մեջ, հայտնաբերվել է քրավանատան հարավային դռան (որից հիմա ոչինչ չի պահվանվել) բարավորը, որի վրայի շինարարական արձանագրության մասը 1213 թիվն էր կրում: Արձանագրությունը հնարավորություն է տվել եզրակացնել, որ քարավանատունը (պանդոկը) պետք է որ կառուցված լինի Զաքարե սպասալարի ժամանակները, երբ այս կողմերում իշխում էր Վաչե Վաչուտյանը: Ներկայումս տեղում պահպանվել են քարավանատան միայն 2 պատերը, հյուսիսայինը‘ 15,0 մ. երկարությամբ և 5,0 մ. բարձրությամբ և արեվելյանը‘ 23,0 մ. երկարությամբ և 7,0 բարձրությամբ: Հարավային պատը լրիվ ավերված է: Արևմտյան պատը նույնպևս լրիվ ավերված է և պատից ընկած շաղախի մեծ զանգվածներ թափված են տեղում: Գետնի վրա առանձին տեղերում դժվարությամբ կարելի է հայտաբերել պատի հետքեր:   Այս հուշարձանի մնացորդները բերում են այն եզրակացության, որ նա երկարավուն շենք էր հարավից հյուսիս ուղղված առանցքով: Կառուցվածքի պատերը շարված են սրբատաշ տուֆաքարով, կրաշաղախով: Պատի վրայից, ինչպես դրսի, այնպես էլ ներսի երեսպատումը պոկված է և միայն որոշ տեղերում է այն պահպանվել: Շարքերի բարձրությունը կազմում է 0,4-0,6 մ., պատի հաստությունը‘ 0,85— 0,95 մ.: Շենքի ճարտարապետության մասին դատելը խիստ դժվար է: Հյուսիսային պատի ներսի կողմից եղած երկու ելուստները ենթադրել են տալիս, որ նրանք լայնքի պատի վրա եռանավ դահլիճի զույգ մույթաշարքերին համապատասխանող որմնամույթերի տեղերն են, ավելի ճիշտնրանց քարուկիր միջուկը: Այդ ելուստները պատը բաժանում են 3 անհավասար մասի կամ նավերի, միջին, մոտավորապես 5,5 մ. լայնությամբ և կողքերի՝ 4,2-4,25 մ. լայնությամբ: Ելուստները ունեն 0,8 մ. լայնություն: Ամբողջ շենքը եղել է մույթաշարքերով երեք նավի բաժանված դահլիճ:  Ուշադրություն են գրավում անհամեմատ բարձր պատերը: Սովորաբար քարավանատան կառուցվածքները ցածրանիստ են, նրանց արտաքին պատերը 3-4 մ. ավելի բարձրություն չունեին: Վերոհիշյալ հանգամանքը, ինչպես և արևելյան պատի մեջ, գետնից 5,0 մ. բարձրության վրա (պատի ընդհանուր բարձրությունից 2,0 մ. ցածր) քարե ջրհորդանների առկայությունը, կարծել է տալիս, որ ի տարբերություն այլ քարավանատների, այստեղ ըստ երևույթին պաշտպանական նպատակներով, արտաքին պատերը ավելի բարձր էին, քան եռանավ դահլիճի երկթեք կտուրը: Ջրերը կտուրից հոսում էին դեպի դուրս, անցնելով քարավանատան եզրապատի (պարապետի) մեջ տեղավորված ջրհորդանների միջոցով: Եթե այս ենթադրությունը ճշտվի, ապա մենք գործ կունենանք քարավանատան մի կառուցվածքի հետ, որի տարածական ձևերը փոքրինչ տարբեր էին միջնադարյան Հայաստանի քարավանատների արտաքին կանոնիկ ձևերից:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *