ՀՀ Գեղարքունիքի մարզի Հացառատ (նախկինում Առնեղ) գյուղում պահպանվել են իրար կից Ս. Աստվածածին և Ս. Գրիգոր եկեղեցիները` շրջապատված պարսպով: Ս. Աստվածածին եկեղեցու կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ: Թեև, եկեղեցու արևելյան ճակատի վրա պահպանված 1893 թ. շինարարական արձանագրության համաձայն, եկեղեցին կառուցել է Շաղաբաթ իշխան Առնեղացին 898 թ., սակայն իր ճարտարապետական տիպով և հարդարանքի տարրերով (լուսամուտների երեսակալներ) Ս. Աստվածածին եկեղեցին վերագրվում է VII դ.: Ենթադրվում է, որ 898 թ. կարող է վերանորոգման տարեթիվը լինել: Եռախորան, խաչաձև գմբեթավոր փոքր կառույց է` արտաքուստ եռանիստ խաչաթևերով (բացառությամբ արևմուտքի, որը ներսից և դրսից ուղղանկյուն է)։ Անցումը գմբեթի ութանկյուն թմբուկին տրոմպային է։ Ունի երկու մուտք` արևմտյան և հարավային: Կառուցված է գորշ, սրբատաշ տուֆով: Եկեղեցու արևելյան ճակատին ագուցված է որմնախաչ: Ս. Գրիգոր եկեղեցին կից է Ս. Աստվածածին եկեղեցուն` հարավային կողմից: Կառուցվել է XIX դ., ավելի հին եկեղեցու հիմքի վրա: Եռանավ բազիլիկ է: Պահպանվել են հին եկեղեցու պատերի մնացորդները: Եկեղեցիների շուրջը ընդարձակ գերեզմանատուն է` բազմաթիվ թվագիր խաչքարերով և տապանաքարերով:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *