Քարանձավը գտնվում է Ձորափ գյուղի արևելյան ծայրին, Ամբերդի կիրճի աջ ժայռապատի մեջ: Համեմատաբար մեծ քարանձավ է: Բաղկացած է մի քանի դահլիճներից: Դեպի քարանձավ տանող թունելը շարված է քարե դռնավոր մյուս քարանձավների շինարարական սկզբունքով: Թունելով, որը բավականին լայն է և բարձր, անցնելով 3 մետր, հանդիպում ենք քարե դռանը, որն անցնելով, ևս 2 մետր առաջանալով, մտնում ենք քարանձավ: Քարանձավի մեծ դահլիճը հարթ հատակ ունի: Մարդու կողմից մշակման են ենթարկվել նաև պատերը և առաստաղը: Կենտրոնական մեծ դահլիճից դեպի հյուսիս և հարավ համեմատաբար փոքր թունելանցուղիներ կան: Հյուսիսային թունելը, մի քանի մետր առաջանալուց հետո, ընդհատվում է: Թափվածքները արգելափակում են ընթացքը: Հյուսիսային նեղ թունելի հատակին երկու հորեր կան, որոնցից մեկը կարասանման է, իսկ մյուսը քառակուսի, ինչպիսին չի հանդիպել մեզ մյուս քարանձավներում:  Հարավային թունելը տանում է դեպի 2-րդ և 3-րդ դահլիճները: 2-րդ դահլիճում 3 կարասանման հորերից մեկը լցված է քարերով, իսկ մյուս երկուսը շնորհիվ երկու հորերի քարե կափարիչների առկայության պահպանել են իրենց նախնական տեսքը: 2-րդ դահլիճից 3-րդը կարելի է մուտք գործել նեղ անցուղիով: Այս դահլիճում եղած երկու հորերից մեկը չոր սննդի պահպանման, իսկ մյուսը կավածեփ և թրծված, հեղուկ սննդի պահպանման համար է նախատեսված: 2-րդ դահլիճում, քարանձավի հատակից 2 մետր բարձրությամբ առանձնացված արևմտյան հատվածում, կան ևս երկու կարասանման հորեր,որոնց քարե կափարիչները ևս պահպանվել են: Քարանձավում մեծ քանակությամբ միջնադարյան խեցեղեն և կենցաղային փայտյա տարբեր իրեր են հայտնաբերվել:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *