Աղավնավանքը կամ Անապատ Սբ Աստվածածին եկեղեցին, որը հայտնի նաև Աղնաբաթի վանք անունով, կառուցվել է 12-13-րդ դարերում: Գտնվում է Դիլիջան ազգային պարկի Աղնաբաթ անտառամասում, որն առանձնանում է այստեղ աճող և բարձր գնահատվող կարմրածառ ծառատեսակով։ Կարմրածառի անտառակը, ինչպես և եկեղեցին, գտնվում է Միափոր լեռնաշղթայի Ծաղկոտ սարի լանջին, Աղավնավանք գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք։ Եկեղեցին դրսից ու ներսից ուղղանկյուն հատակագծով փոքրաչափ կենտրոնագմբեթ կառույց է` ավանդատներով։ Կառուցված է դեղնավուն, սրբատաշ չեչաքարով և կրաշաղախով։ Եկեղեցու ներսում հարավային և հյուսիսային պատերի վրա կան ելունակներ, որոնցից բարձրացող որմնասյուները միանում են կամարներով` իրենց վրա պահելով սրածայր վեղարով գմբեթը։ Միակ մուտքը արևմտյան պատից է, արևելյան ճակատին փորված են երկու եռանկյունաձև խորշեր։ Գմբեթի գլանաձև թմբուկն ունի 3 մ բարձրություն, նրա վրայով անցնում է 30 սմ լայնության քանդակազարդ գոտի: Գմբեթի վեղարը և եկեղեցու տանիքը ծածկված են եղել սրբատաշ սալաքարերով, որոնցից մի քանիսն են պահպանվել տանիքին, իսկ վեղարը ամբողջապես մերկացել է։ Թափվել են նաև քիվի ձևավոր քարերը։ Խորանի երկու կողմերում կան երկու երկհարկանի ավանդատներ, որոնք արևելյան կողմից ունեն փոքրիկ, ցածր խորաններ: Եկեղեցու արևմտյան դռան ճակատակալ կիսակլոր քարը և նրա պսակող կամարը պատած են եղել սպիտակ կրաշաղախի ծեփով, որի վրա եղել են ընդարձակ արձանագրություններ` գրված կարմրադեղով: Ժամանակի ընթացքում կրաշաղախի ծեփը մեծ մասամբ հողմնահարվել, թափվել է, որի հետևանքով արձանագրությունները, ըստ երևույթին շինարարական, ոչնչացել են: Մնում են միայն դրանց մի քանի աննշան բեկորները: Հուշարձանից դեպի հարավ և արևելք պահպանվել են բազմաթիվ կառույցների մնացորդներ` քարակույտերի ու փոսերի ձևով, որոնք, հավանաբար, եկեղեցու միաբանության բնակելի և տնտեսական շինություններն են եղել։ Եկեղեցուց արևելք տարածվում է երբեմնի գյուղատեղը, որը ծածկված է խիտ անտառով, մնում են մի քանի շենքերի հիմնապատերը: Հուշարձանի մասին մատենագրական տեղեկություններ չկան, իսկ նրա անապատ անվանման համար, ըստ երևույթին, հիմք են ծառայել ոչ թե պատմագրական կամ վիմագրական նյութերը, այլ հուշարձանի ներկայիս ինքնամփոփ ու անապատական վիճակը: Եկեղեցու վիմագրությունն աղքատիկ է։ Կան երկու նվիրատվական արձանագրություններ ավանդատների ճակատներին, իսկ արևմտյան դռան ճակատաքարի վրա պահպանվել են մի քանի եղծված բառեր: Արձանագրությունները ժամանակակից են եկեղեցու շինությանը, այստեղ հուշարձանն անվանվում է Աստվածածին: Հուշարձանի շինարարական արձանագրությունը հավանաբար եղել է արևմտյան դռան ճակատաքարին գրված կարմրադեղով, որից, ցավոք, միայն առանձին գրեր են պահպանվել: Ավանդատների արևմտյան ճակատներին արված փորագրությունների տառաձևերը բնորոշ են 12-13-րդ դարերի վիմագրության արվեստին։ Կարմրածառը (Taxus baccata L.) բարձրահասակ մշտադալար տեսակ է` սլացիկ բնով, մուգ-կանաչ կոնաձև գագաթով և կարմիր հյութեղ հատապտուղներով։ Հայկական անվանումը ծագել է այս ծառի փայտի գույնից. այս փայտը բարենպաստ չէ սնկերի բազմացման համար, վանում է միջատներին և մակաբույծներին, նաև ջրադիմացկուն է։ Նման գերազանց հատկանիշների շնորհիվ այն օգտագործվել է Ք.ա. 3-րդ հազարամյակից ի վեր, երբ դրանից հիմնականում սարկոֆագներ են պատրաստել։ Կարմրածառի փայտը օգտագործվել է նաև զենք, գործիքներ, կահույք և, անգամ` ջրատար խողովակներ պատրաստելու համար։ Կարմրածառն աճում է խառը տիպի անտառների խորքում` կաղնու, հաճարենու, թխկենու և այլ տեսակների կողքին, ստվերոտ միջավայրում։ Այստեղի կարմրածառերը 300-400 տարեկան են և ունեն 25 մ բարձրություն, իսկ բների շրջագծերը հասնում են մոտ 0,7-0,9 մ-ի։

Աղբյուրը՝ Ճանապարհորդ արշավախումբ։

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *