Արփա գետի աջակողմյան սարահարթի վրա, Աղավնաձոր գյուղից մոտավորապես 3 կմ. դեպի հարավ-արևմուտք, գտնվում են միջնադարյան քարավանատան ավերակներ, որոնք վկայում են այն մասին, որ Սելիմի լեռնանցքով դեպի վայոց ձորն իջնող հին ճանապարհի մի ճյուղը անցնում էր աջափնյա բարձունքներով: Այնուհետև այդ ճանապարհը իջնում էր Արփա (Արենի) բնակավայրը, անցնելով դեպի ձախ ափը հին կամուրջի վրայով: Կամուրջի խելերի մնացորդները հիմա էլ պահպանվել են նորակառույց հիդրոկայանի մոտ: Արփա գետի հովտով ճանապարհը դուրս էր գալիս դեպի Շարուրի դաշտավայրը և հասնում Նախճավան, իսկ այնտեղից էլ Պարսկաստան: Ահա այս հին ճանապարհի վրա է եղել կառուցված Աղավնաձորի քարավանատունը: Մոտակա դաշտավայրում դժվար չէ նկատել հին ճանապարհի հետքը: Քարավանատունը կառուցված է քամիներից և բքից լավ պաշտպանված մի ձորակի եզրին: Հուշարձանը պահպանվել է խիստ ավերված վիճակում և ամբողջովին ծածկված է Փլատակների ու հողի տակ: Տեղի բնակիչների վկայության համաձայն, նրա քարերը դեռևս 19-րդ դարում օգտագործվել են եկեղեցու կառուցման համար:     Աղավնաձորի քարավանատունը պատկանում է միադահլիճ-եռանավ տիպին և իր մեծությամբ համարյա հավասար է Սելիմի քարավանատանը: Սրա երկայնական առանցքը նույնպես չնչին շեղումով ուղղված է արևմուտքից արևելք: Բացված են հուշարձանի հարավային մասը և լայնքի արեվելյան պատը: Վերջինս ներսից շարված է սրբատաշ, իսկ դրսից՝ կոպիտ տաշված: Քարավանատան հարավային մասում բացվել են եռանավ դահլիճի թաղային ծածկը կրող մույթերի շարքը, և նրանից երկուսին միացնող ամբողջական պահպանված միակ կամարը: Մույթերի քանակը եղել է 9-ը: Նրանց հեռավորությունը միմյանցից կազմում է 1,95 մ.-2,1 մ: Հյուսիսային շարքում դժվարությամբ նշմարվում են ընդամենը 7 մույթի մնացորդներ: Սրանք իրենց միացնող կամարների հետ ծածկված են հողաշերտի տակ և դեռևս չեն պեղված: Մույթերը հորիզոնական կտրվածքում քառակուսի ձև ունեն, 0,55 x 0,6 5 մ. կողմերով: Հողով ծածկված լինելու պատճառով չի նշմարվում նաև երկայնքի հյուսիսային պատը: Միջին նավի լայնությունը կազմում է 4,8 մ., իսկ կողքի նավերինը (հարավային կողմի նավի տվյալներով) կազմում է 2,9-3,05 մ.: Այս տվյալների հիման վրա քարավանատան եռանավ դահլիճի միջին ընդհանուր չափերը սահմանվում են 12,2×2 5,1 մ.: Քարավանատան մուտքի տեղը ենթադրաբար՝ արևմտյան պատից է: Հողից մաքրված հարավային պատը ներսի կողմից ունի որմնամույթեր, որոնց քայլը համապատասխանում է դահլիճում դասավորված մույթերի քայլին: Սրանք իրար էին միացված կամարներով, որոնք կրում էին կողքի նավերը ծածկող թաղերի ծանրությունը: Աղավնաձորի քարավանատունը ինչպես հատակագծային լուծմամբ, այնպես էլ կոնստրուկտիվ սիստեմով տիպային է, նա ուներ միադահլիճ-եռանավ քարավանատներին հատուկ ընդհանուր գծեր:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *