Ախթալա վանական համալիրի վանքի գլխավոր եկեղեցին՝ Ս. Աստվածածինը, կառուցվել է ամիրսպասալար Իվանե Ջաքարյանի կողմից՝ XIII դ. առաջին քառորդում, գոյություն ունեցող հայկական միաբնակ հաստատությունը վերածվելով վրացադավան: Եկեղեցին տեղադրված է ամրոցի տարածքի միջին մասում՝ երկայնական առանցքին ուղղահայաց: Իր հորինվածքով այն գմբեթավոր բազիլիկ եկեղեցի է: Աղոթասրահը երկայնական ձգվսւծ երկբացվածքանի զույգ կամարաշարերով բաժանված է երեք նավի, որոնցից միջինը (կրկնակի անգամ լայն եզրայիններից) արևելյան կողմում ավարտվում է ցածր բեմ ունեցող, խոր ընկած, կիսաշրջանաձև խորանով, իսկ եզրայինները՝ երկհարկանի ավանդատներով: Աղոթասրահն ունի երեք մուտք, որոնք, ինչպես նաև բոլոր պատուհանները եզերված են շքեղ պարակալներով: Գմբեթը, որ ունեցել կլոր թմբուկ չի պահպանվել:
Եկեղեցին առատորեն զարդանախշված է: Պատերն արտաքինից շարված են բազալտե սրբատաշ խոշոր քարերով, իսկ ներսից՝ կոպտատաշ մանր քարերով և աղյուսով: Ս. Աստվածածին եկեղեցին հռչակված է իր առաջնակարգ և բարձրարվեստ որմնանկարներով, որոնցով ծածկված են պատերը, մույթերը, կամարատակերը: Դրանք բնութագրվում են պատկերագրական կատարելությամբ, թեմատիկայի հարստությամբ և երանգների բազմազանությամբ: Առանձնապես ուշագրավ են խորանի պատի Աստվածամայրը գահի վրա, Սուրբ հաղորդություն (Եվխարիստիա), հյուսիսային պատի ՀովհաննեսԿարապետ, արևմտյան պատի Ահեղ դատաստանի թեմաներով որմնանկարները, մույթերի վրա և կամարատակերին մինչև գոտկատեղը և ամբողջ հասակով կանգնած սրբերի պատկերները:
Գլխավոր եկեղեցուց հյուսիսարևմուտք, մոտ 50 մ հեռավորությամբ գտնվում է միանավ եկեղեցի (XIII դ.) ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ, երկլանջ կտուրով: Կիսաշրջանաձև խորանը դուրս է գալիս արևելյան պատի սահմանագծից: Եկեղեցին ներքուստ եղել է սվաղված և որմնանկարներով պատած (հետքերը պահպանվում են): Եկեղեցին մոտ է գտնվում պարսպի կիսագլանաձև աշտարակներից մեկին, որի ներքին թաղածածկ ծավալը շարունակվում է դեպի եկեղեցին (ըստ երևույթին, այդտեղից է եղել Լալվար գետակի ձորի հետ կապող ստորգետնյա գաղտնուղու մուտքը):
Ս. Աստվածածին եկեղեցու հյուսիսային կողմում գտնվել է վանքի միաբանության կացարանի երկհարկանի շենքը, որից միայն պատերն են մնացել: Ուղղանկյուն ընդարձակ դահլիճ է, որի համար որպես արևելյան պատ ծառայում է պարիսպը: Առաջին հարկը գետնի մակարդակից ցածր է: Մուտքը բացվում է երկրորդ հարկից` հարավային կողմից, որտեղ շենքը հարակցվում է ստորգետնյա մի թաղակապ շինության հետ:
Ավանի կենտրոնական մասում, Ախթալալի վանքից 0,5 կմ հյուսիսարևելք գտնվում է Ս. Երրորդության վանքը (XIII դ.), բաղկացած իրար կից երկու եկեղեցուց, մատուռից և արտաքին սրահից: Եկեղեցիներն ուղղանկյուն, թաղածածկ փոքր դահլիճներ են, որոնք իրար հետ հաղորդակցվում են ընդհանուր պատում թողնված լայն բացվածքով:
Ս. Գևորգ եկեղեցին գտնվում է ավանի կենտրոնից դեպի արևելք՝ բարձր բլրի վրա: Քառակուսուն մոտ համաչափություններով միանավ դահլիճ է՝ արևելյան կողմում ողջ լայնությունը բռնող կիսաշրջանաձև խորանով: Մուտքը արևմուտքից է, եզերված ոչ խոր փորվածքի երեսակալով: Պատերին կան վրացերեն արձանագրություններ: Մուտքի ճակատակալ քարի արձանագրության համաձայն կառուցվել է 1242-1250 թթ.: Շուրջը տարածվում է հին գերեզմանոց:
Ախթալա ավանի սահմաններում կանգուն կամ կիսավեր վիճակում կան X-XIII դդ. ճարտարապետական այլ հուշարձաններ, ինչպիսիք են Բարսեղի եկեղեցին, Իվանեի և Դեմետրեի մատուռը, Ախթալա կայարանի մոտի ամրոցը և այլն:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *