Ագարակ, փոքր արդյունաբերական քաղաք Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հարավարևմտյան մասում, ծովի մակերևույթից 650 մ բարձրության վրա։ Իրանի հետ սահմանից 2-3 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք է՝ Արաքս գետի ձախ ափին մարզկենտրոնից 80 կմ հարավ-արևմուտք։ Մշտական բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 4300 մարդ։

Քաղաքը հիմնադրվել է 1949 թ.՝ պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների շահագործումն իրականացնելու ակնկալիքով։ Նույն թվականի գարնանը Արաքս գետի ձախ ափին կառուցվեց առաջին փայտյա տնակը և այդ ժամանակվանից սկսվեց կոմբինատին կից ավանի կառուցումը, որը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1954 թ. մայիսի 18-ի հրամանագրով դասվեց ՀԽՍՀ քաղաքատիպ ավանների շարքը։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1990-ական թվականներին։

Ագարակը Սյունիքի մարզի և Հայաստանի ամենահարավային քաղաքն է, որը երեք կողմից շրջապատված է բարձրաբերձ լեռներով, իսկ մի կողմում սահմանային Արաքս գետն է։ Բնական այս դիրքին լրացնելու են գալիս քաղաքական-աշխարհագրական, տնտեսա-աշխարհագրական և տրանսպորտային դիրքերը։ Ագարակ քաղաքը միաժամանակ սահմանակից է երկու պետական միավորների՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։ Ագարակով են անցնում Հայաստան Իրան միջպետական ճանապարհը և էլէկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, Երևան-Նախիջևան-Բաքու ներկայումս չգործող երկաթգիծը և ավտոճանապարհը։