Գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզում, Ագարակ գյուղից 2 կմ հեռավորության վրա, Աշտարակ-Թալին մայրուղու (M1) ձախ կողմում: Հուշարձանը գրավում է մի տարածք, որը ձգվում է ժամանակակից Ագարակ և Ոսկեհատ գյուղերի միջև` Ամբերդ գետի արևմտյան ափի բարձունքին: Միջին բարձրությունը ծովի մակարդակից` 1088մ: Հուշարձանախումբը մեզ է ներկայանում քարակոփ և ժայռափոր կերտվածքների համալիրներով և դրանց շուրջը տարածված բազմաշերտ բնակավայրերով ու դամբարանադաշտերով: Պեղումների արդյունքերը թույլ են տալիս ասել, որ այս տարածքը բնակեցվել է առնվազն մ.թ.ա. III հազազարամյակի առաջին քառորդից: Այստեղ խոշոր բնակատեղի է եղել նաև Երվանդունիների ու Արտաշեսյանների հարստության օրոք (մթա VI-Iդդ), որը հետագայում շարունակել է իր գոյությունը մինչև XVII-XVIII դարերը: Դաշտային հնագիտական հետազոտությունները կատարվել են հուշարձանի հյուսիսային համալիրի առաջին հարթակում, որը մշակման ակնհայտ հետքերով տուֆի ժայռի հսկայական հրապարակ է: Այստեղ պահպանվել են կառույցների, ժայռի մեջ փորված և քարակոփ գերեզմանների, հնձանների, հորերի, թոնիրների, հատակների մնացորդներ, ինչպես նաև ակնհայտ կիրառական նշանակություն ունեցող փոսիկների, առվակների և այլ փորվածքների հետքեր: Հուշարձանի վաղագույն փուլը թվագրվում է մ.թ.ա. XXIX-XXVIդդ սահմաններով և պայմանականորեն անվանվում է Ագարակ I: Հայտնաբերված նյութերը բնորոշ են Մոխրաբլուրի վերջին փուլին և Շենգավթի վերին հորիզոններին: Ագարակի վաղբրոնզեդարյան բնակավայրին են պատկանում ժայռերի վրա փորված համալիրների հորինվածքները: Հնագիտական դիտարկումները թույլ են տալիս ասելու, որ մ.թ.ա. III հազարամյակի առաջն քառորդում այս տարածքը եղել է հսկայական պաշտամունքային համալիր: Հայկական լեռնաշխարհում նմանօրինակ հուշարձան, մինչ Ագարակի պեղումները, փաստագրված չէին: Մշակութային այս ֆենոմենի անմիջական զուգահեռները հայտնի են կենտրոնական Փոքր Ասիայի հուշարձաններում (Խաթթուսա-Բողազքյոյ, «Միդասի քաղաք», Պիշմիշ Կալե, Ասար Կալե, Գյավուր Կալե, Բեիկյոյ և այլն): Այս հուշարձաններն ուսումնասիրող մասնագետների միահամուռ կարծիքով, նման կերտվածքներով հագեցած ժայռահարթակները ծիսապաշտամունքային կառույցներ են: Ընդ որում, դրանց մի մասը համարում են խեթական, մի զգալի մասն էլ` փռյուգիական` շաղակապելով հատկապես Կիբելայի պաշտամունքի հետ: Շուրջ հազար տարով ավելի վաղ թվագրվող և բացարձակապես նույնական քարակոփ հարթակների առկայությունը Կուր-արաքսյան օյկումենի սահմաններում, այս մշակութային բացառիկ երևույթի նախատիպերի, Կենտրոնական Անատոլիայի և Հայկական լեռնաշխարհի փոխառնչությունների ուսումնասիրության համար սկզբունքորեն նոր հարցադրումներ է հրապարակ հանում: Հուշարձանի բնակեցման երկրորդ փուլը` Ագարակ II-ը, թվագրվում է մթա XVIII-XVIդդ (հետկուրարաքսյան շրջան): Այս թվագրության օգտին է խոսում առաջին հերթին միջին բրոնզի դարաշրջանի կարմիրբերդյան գունազարդ խեցեղենի առկայության փաստը: Ագարակի III-ը ուշ բրոնզի խեցեղեն նյութերով և երկաթի դարաշրջանին բնորոշ մետաղե գտածոներով թվագրվում է մթա XV-IXդդ: Չորրորդ փուլը կարելի է թվագրել մթա VIII-VI/Vդդ շրջանակներում: Այդ են հավաստում բնակավայրի պեղավայրերում հայտնաբերված կարմիր փայլեցրած վանտոսպյան խեցեղենի գտածոները, գլանաձև կնիքով ուրարտական կարասային թաղումը և այլ նյութեր: Անկասկած, ուրարտական շերտում հայտնաբերված ամենամեծ անակնկալը առաջին հարթակի հարավային եզրին 2004թ բացված վիմափոր դամբարանն է: Այն կազմված է նախամուտքից, մուտքից և սրահից: Կամարաձև առաստաղով դամբանասրահը հատակագծում ուղղանկյուն է, երկայնական առանցքով ուղղված հարավից հյուսիս: Սրահի երեք պատերն օժտված են մեծ և փոքր որմնախորշերով: Ագարակի բնակեցման հինգերորդ փուլը վերաբերում մթա IV/III-մթ III/Ivդդ: Հելենիստական և անտիկ դարաշրջանների խեցեղենի գերակշռությունը, դրամական գտածոները, ժայռերի վրա փորված տարապանաձև հնձանների առատությունը վկայում են հիշյալ ժամանակաշրջանում բնակավայրի առավելագույն չափերի մասին: Քրիստոնեական ծեսով թաղումները փաստում են, որ վաղ միջնադարում հուշարձանի տարածքն օգտագործվել է որպես գերեզմանոց: Հուշարձանի բնակեցման վեցերորդ և յոթերորդ փուլերը վերաբերում են զարգացած և ուշ միջնադարին:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *