Եղեգնաձորի մարզկենտրոնից Ագարակաձոր գյուղը տանող ճանապարհի կեսին, հիշյալ բնակավայրից մոտավորապես 1-1,5 կլմ. հեռավորությամբ, Արփա գետի վրա կառուցված է «Դադալ»-ի կոչվող միակամար քարե կամուրջը: Նա կառուցված է վարդագույն ավազաքարի շարվածքով և կրաշաղախով և իր չափով ու ձևերով հաջող գծագրվում է հովտում: Աջ ափին կամուրջի կամարային բացվածքի կրունկը հենվում է ժայռի վրա, իսկ ձախ ափին՝ արհեստական հիմքի:  Չնայած ափերի տարբեր բարձրության, երկու կրունկները գտնվում են մի հորիզոնի վրա: Սլաքաձև մեծ կամարը 15,85 մ հենամիջային տարածությամբ, կարծես թռիչք է կատարում գետի վրա, երկու ափերից վեր բարձրացնելով երթևեկային մասը: Վերջինս մյուս՝ ձախ ափին կամարի կրնկից անմիջապես հետո, միանգամից պտտվում էր դեպի ձախ, թեք հարթությամբ իջնում էր ցած և միանում գետի ձախ ափին տարածվող հարթության վրայով դեպի Ագարակաձոր գնացող ճանապարհին: Կամուրջի հետագա վերանորոգման ժամանակ, որի հետքերը պարզորոշ երևում են նրա վրա (իրականացված է եղել բազալտյա տձև բարերից, կամուրջի ճակատային պատերի շարունակությունը բարձրացնելու և նրանց արանքում լիցք կատարելու միջոցով), երթևեկային մասի թեքությունը մեղմացվել է և ձախ ափում նրա շարունակությունր ուղղվել: Կամուրջի կամարը, որը ճակատային պատերի համեմատությամբ ետ է դրված 0,35 մով, շարված է 0,72 մ  բարձրություն ունեցող ատամնաձև սեպաքարերով: Կամարի կառուցման այսպիսի եղանակը, որը զգալի չափով բարելավում է քարերի կապը, հետևապես նաև կամարային կոնստրուկցիայի աշխատանքը, ընդհանրապես հայտնի է միջնադարյան Հայաստանի ճարտարապետության մեջ, սակայն կամրջաշինարարության ասպարեզում սա եզակի դեպք է: Կամուրջի կառուցման ժամանակը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն ուշ միջնադարին է վերաբերում: Կարող է պատահել, որ կառուցման թիվը վկայված է ձախ ափի ճակատային պատի մեջ գտնվող մի քարի վրա փորագրված պարսկերեն արձանագրության մեջ, որն ընթերցել չի հաջողվել:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *